- Գլխավոր
- Նորություններ
- ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ. ԿԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ
Դեկտեմբեր 06, 2022 | 15:06
Կրթություն
ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ. ԿԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ
Կարինե Դավթյանն ավելի քան 16 տարի ԵՊՀ-ում գործող Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրենն է: Նա բեմադրում է տարաբնույթ ներկայացումներ, ուսանողներին հաղորդակից դարձնում իրական մշակույթին և շատ հաճախ լսում նրանց որպես ավագ ընկեր: Մեզ հետ զրույցում նա պատմել է մանկության երազանքի՝ թատրոնի, արվեստի ու մշակույթի հանդեպ մեծագույն սիրո և տարիների փորձառության մասին:
Պատմում է Կարինե Դավթյանը:
ԵՊՀ-ում բեմադրված առաջին ներկայացումը
Երևանի պետական համալսարանում աշխատում եմ արդեն 17 տարի՝ իբրև ոգեշնչման աղբյուր ունենալով երիտասարդության լուսավոր ապագան։ Համալսարանում թատրոնի ստեղծման համար առաջին հերթին պետք է կարողանայինք վերափոխել թե՛ ուսանողների, թե՛ ղեկավարների և թե՛ պրոֆեսորադասախոսական կազմի մտածողությունը։ Պետք է խոստովանեմ, որ այդ գործընթացը բավականին բարդ էր: ԵՊՀ շրջանավարտների միավորման հետ համատեղ կառուցեցինք բեմը, և առաջին բեմադրությունը եղավ «Հե՜յ, ո՞վ կա. պատասխանում է Ջիմ Դենդին»: Հիմա կասեք՝ նման պիես գոյություն չունի, և չեք սխալվի. դրանք տարբեր պիեսներ են, բայց ես կարծում էի՝ «Հե՜յ, ո՞վ կա»-ում Սարոյանը բավականին շատ հարցեր է հղում մարդկությանը, իսկ «Ջիմ Դենդի»-ում պատասխաններ է տալիս իր հարցադրումներին: Ես զուգորդեցի այդ երկու պիեսները, և վերնագիրը եղավ վերոնշյալը: Ներկայացումից հետո համալսարանում խառնաշփոթ առաջացավ. բեմադրությունը շատ տպավորիչ ու հետաքրքիր էր: Ներկայացումներում խաղալու համար ընտրում էի մտածող մարդու, որովհետև կարևորում եմ խոհուն մարդու գոյությունը բեմական արվեստում։
Ինձ հետ ծնվել է նաև սերն առ թատրոն...
Դերասան դառնալը իմ երազանքն է եղել դեռևս փոքր տարիքում: Ներկայացումներ բեմադրելը եղել է իմ մանկական առօրյայի մի մասը: Թատրոնը միշտ և ամենուր եղել է ինձ հետ։
Ինչպե՞ս քայլել բոլորին հակառակ՝ դեպի նպատակը...
Ամենամեծ դժվարությունն ու փորձությունը եղել է այն, որ ընտանիքս դեմ էր իմ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ ընդունվելուն: Ի վերջո, հասկանալով, որ անհնար է խոսքով համոզել ընտանիքիս, որոշեցի գործով ցույց տալ նպատակիս հիմնավոր լինելը. Զ. Խալափյանի «Օրորոցային» պիեսում ստանձնեցի Անահիտի՝ գլխավոր հերոսուհու կերպարը։ Ներկայացումը դիտելուց հետո բոլորը միաձայն համաձայնություն տվեցին, և սկսվեց իմ թատերական ուղին...
Հետաքրքիր է ապրել ստեղծագործական կյանքով։
Իմ աշխատանքը համարում եմ շատ կարևոր առաքելություն, քանի որ երիտասարդներին և նրանց տաղանդը բացահայտելը ոչ միայն ի նպաստ արվեստի է, այլև ի բարօրություն մեր հայրենիքի։
Հանդիպում ոգեշնչման աղբյուրի հետ։
Ոգեշնչման աղբյուրս նախ՝ իմ մեծագույն սերն է՝ Վիլյամ Սարոյանը, ապա՝ Եղիշե Չարենցը, այնուհետև՝ Վահան Տերյանը։ Սարոյանի կերպարում անսահման բարություն կա, լուսավոր, պայծառ երևույթ է ինքը, ամենամռայլ բաների մեջ անգամ կարողանում է լույսի շող գտնել, և դա շատ հարազատ է իմ սրտին։ Կարող եմ ասել՝ բախտս բերել է. ես հանդիպել եմ նրա հետ, երբ ես սովորում էի թատերականի առաջին կուրսում։ Երբ տեսա նրա՝ օվկիանոսային անհատակ խորություն ունեցող աչքերը, դրանք հավերժ տպավորվեցին իմ հոգում։ Դա իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն էր։
Ներկայացման ամենայուրահատուկ հատվածը…
Ինձ համար առանձնահատուկ է ստեղծման ընթացքը, իսկ վերջնարդյունքն արդեն ավարտ է, որ հաճախ ծնում է ունայնության զգացում։
Լյուդմիլա Շիրվանյան