- Գլխավոր
- Նորություններ
- «ԱՐԴԵՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԱՅՆ, ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԵՐԱԶՈՒՄ ԷԻ ՄԻՆՉ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԸՆԴՈՒՆՎԵԼՍ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ՆՈՒՆԵ ԲԱԴԱԼՅԱՆ
Դեկտեմբեր 01, 2022 | 14:49
Կրթություն
Ուսանողական
«ԱՐԴԵՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԱՅՆ, ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԵՐԱԶՈՒՄ ԷԻ ՄԻՆՉ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԸՆԴՈՒՆՎԵԼՍ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ՆՈՒՆԵ ԲԱԴԱԼՅԱՆ
Այս անգամ զրուցել ենք ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Նունե Բադալյանի հետ։ Ֆիզիկայից զատ՝ Նունեն հետաքրքրվում է արվեստով՝ գրականությամբ, կինոյով, կերպարվեստով: Զբաղվում է նաև լուսանկարչությամբ և այն կապում ֆիզիկայի հետ: Առավել հետաքրքրվում է օպտիկայով։
Նունեի խոսքով՝ գիտության նկատմամբ սերը ծնվել է դեռ մանկուց։ Փոքր տարիքից շատ հետաքրքրասեր է եղել և սովորություն է ունեցել շատ հարցեր տալու, իսկ իր հարցերի պատասխանները ստացել է ֆիզիկոս պապից, որը մեծ ոգևորությամբ էր բացատրում ֆիզիկական տարբեր ֆենոմեններ, հատկապես սիրում էր պատմել աստղագիտության և տիեզերքի մասին, ինչն էլ նպաստել է, որ ինքն ավելի մոտենա գիտությանը և չերկմտի մասնագիտության ընտրություն կատարելիս։
«Իմ կարծիքով՝ ԵՊՀ-ն Հայաստանի միակ համալսարանն է, որտեղ կարող ես բնական գիտությունների ուղղվածությամբ ակադեմիական լիարժեք կրթություն ստանալ։ Մասնագիտական կայացմանս գործում շրջադարձային եմ համարում ԵՊՀ արհեստական բանականության լաբորատորիայում աշխատանքի անցնելս։ Աշխատանքը լաբորատորիայում սկսելուց որոշ ժամանակ անց գիտակցեցի, որ արդեն երրորդ կուրսում կյանքի է կոչվել այն, ինչի մասին մինչ համալսարան ընդունվելս երազում էի»,- ասում է Նունեն:
Հետո հիշում է, որ դրանից հետո շատ դռներ են բացվել. կես տարի հնարավորություն է ունեցել սովորելու և աշխատելու Բելգիայի առաջատար համալսարաններից մեկում ֆոտոնիկայի ուղղությամբ, որտեղ հանդիպել է աշխարհահռչակ գիտնականների։
«Բելգիայում հանդիպեցի և զրույց ունեցա Մայքլ Բերրիի հետ, որը, իմանալով, որ Հայաստանից եմ, շատ ոգևորվեց և ասաց, որ սիրով նորից կայցելի Հայաստան։ Ապա Հայաստանում զրուցեցի Նոբելյան մրցանակակիր Դոննա Սթրիքլենդի հետ, ինչը ևս շատ կարևոր և ոգևորիչ էր ինձ համար»։
Նունեն առանձնակի հիացմունքով է խոսում հատկապես գիտության մասին, ասում, որ այն անսահման է բոլոր առումներով. չի ճանաչում ազգություն, տարիք, ժամանակաշրջան, ծածկում է աներևակայելի փոքր չափերի նանոաշխարհը և հասնում մինչև տիեզերք։
Նա նշում է, որ այս բազմաշերտությունն է հիմնականում վախեցնում մարդկանց, բայց հենց սա է գիտության յուրօրինակությունը։
«Պատկերացրե՛ք մոլեկուլների շարժումը, թռչունների երամի չվելն ու մետրոյում մարդկանց մեծ խմբի շարժը և փորձե՛ք բացատրել մեկ ընդհանուր օրենքով...»,- ժպիտով ասում է նա և շարունակում. «Գիտությամբ զբաղվելը հնարավորություն է տալիս կյանքն այլ կերպ ընկալելու, լայնացնում է մարդու աշխարհայացքը, իսկ համընդհանուր, առանցքային խնդիրներով միտքը զբաղեցնելն օգնում է դժվար ժամանակներում խնդիրները հաղթահարել։ Բացի դրանից՝ գիտական աշխարհում խորամուխ լինելը նպաստում է թե' անձնային զարգացմանը և թե' առողջ հասարակարգի կայացմանը»,- ընդգծում է մեր զրուցակիցը։
Նունեն վստահ է, որ մեր կյանքը ֆիզիկայից տարանջատելն ուղղակի անհնար է, և գիտությունը բարդ բանաձևերի մասին չէ, այլ առաջին հերթին հարցեր տալու, ինչը, համոզված է, որ հատուկ է բոլոր մարդկանց:
Նունեի հետ զրուցեցինք նաև ներկայիս գործունեության մասին: ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում կրթություն ստանալուց զատ՝ նա լաբորատորիայում սեփական հետազոտությունն է կատարում, ֆակուլտետի ուսանողական կառույցների միջոցով փորձում է տարբեր ծրագրեր իրագործել գիտության տարածման, ֆակուլտետի զարգացման, ակադեմիական միջավայր ստեղծելու և այլ ուղղություններով։
«Ապրելով Հայաստանում՝ ես և գիտությամբ հետաքրքրված ընկերներս գիտակցում ենք, որ, չնայած դժվարություններին, մեր գործը հայրենիքի համար կարևորագույն նշանակություն ունի։ Մեր ավելի մեծ նպատակներից է Հայաստանում գիտության զարգացման մեջ առանցքային փոփոխությունների մասը դառնալը, իսկ դրա համար պետք է առաջին հերթին մասնագիտությանդ մեջ լինես լավագույններից»,- ասում է ԵՊՀ ուսանողը։
Նա բոլոր դիմորդներին հորդորում է լինել անվախ ու մասնագիտություն ընտրելիս առաջնահերթությունը տալ անձնական հետաքրքրությանը:
Նունեն համոզված է՝ եթե զբաղվում ես սիրելի գործով, ապա հաջողությունների հասնելը դառնում է անխուսափելի։
Կարինե Հովհաննիսյան