- Գլխավոր
- Նորություններ
- «ՕՊՏԻԿԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Նոյեմբեր 06, 2019 | 15:36
Կրթություն
«ՕՊՏԻԿԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ սովորող ուսանողների համար այսօր «Մարքեթինգ» առարկայի շրջանակում անցկացվել է վարպետության դաս:
Բակալավրիատի ավարտական կուրսի ուսանողների համար Կառավարման և գործարարության ամբիոնը նախաձեռնել էր վարպետության դաս, որը կրում էր «Օպտիկական ցանցերի առանձնահատկությունները» խորագիրը։ Դասը վարում էր «Ռոստելեկոմ» ընկերության ցանցի պլանավորման դեպարտամենտի ղեկավար Սամվել Մարտիրոսյանը։ Նշենք, որ «Ռոստելեկոմ» ընկերության և ֆակուլտետի միջև ձևավորվել է ակտիվ համագործակցություն:]
Մինչ դասը սկսելը Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչի տեղակալ Աննա Հակոբջանյանն ուսանողներին ներկայացրեց հյուրին և մաղթեց արդյունավետ աշխատանք:
Սամվել Մարտիրոսյանն ավարտական կուրսի ուսանողների համար օպտիկական ցանցերի մասին ինտերակտիվ դասախոսություն վարեց՝ մասնավորապես նշելով, որ ժամանակակից հեռահաղորդակցության բնագավառում պղնձե մալուխները կատարելագործվում են օպտիկամանրաթելային տեխնոլոգիայի կիրառման միջոցով։
Բանախոսն անդրադարձավ նաև «Ռոստելեկոմ» ընկերության հեռահաղորդակցման ոլորտում գործունեության առանձնահատկություններին՝ ցանցային աշխատանքների պլանավորման և կազմակերպման տեսանկյունից։
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողները Սամվել Մարտիրոսյանին հղեցին նաև թվային մարքեթինգի կիրառության ոլորտներին վերաբերող հարցեր, որոնց բանախոսը սիրով պատասխանեց։
Մեզ հետ զրույցում Աննա Հակոբջանյանն ասաց. «Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում՝ ի դեմս Կառավարման և գործարարության ամբիոնի, նախաձեռնվել է ձևաչափ, որն ուսանողներին հնարավորություն է տալիս գործնական հմտություններով ամրապնդելու տեսական գիտելիքները»:
Մարինա Առաքելյան