- Գլխավոր
- Նորություններ
- «ԱԲԱՅ» ՄԵԴԱԼԸ՝ ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԻՆ
Մարտ 18, 2022 | 16:38
«ԱԲԱՅ» ՄԵԴԱԼԸ՝ ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԻՆ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևն Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆ. Ալեքսանդր Սաֆարյանին հանձնեց «Աբայ» մեդալը:
Պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդգելդի Այազովը, ՀՀ ԱԺ պատգամավոր, հայ-ղազախական բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, ՀՀ վաստակավոր մանկավարժ, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, մշակույթի ճանաչված գործիչներ, դիվանագետներ, ուսանողներ:
Ողջունելով հյուրերին և ներկաներին՝ ԵՊՀ ռեկտորը նշեց, որ ուրախ է հարգարժան դեսպաններին հյուրընկալել Հայաստանի Մայր բուհում ու մասնակցել պարգևատրման արարողությանը:
ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը նշեց, որ իր համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Հայաստանի ամենահին և ամենահեղինակավոր բուհի պատերի ներսում և կարևորեց ԵՊՀ-ի բացառիկ դերը մասնագետներ կրթելու, հայ-ղազախական դարավոր բարեկամության ամրապնդման, գիտակրթական, գրականության և արվեստի ոլորտներում արդյունավետ համագործակցության զարգացման գործում:
Ըստ դեսպանի՝ վերջին տարիներին Ղազախստանի դեսպանատան և ԵՊՀ տարբեր ստորաբաժանումների, հատկապես Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և Թյուրքագիտության ամբիոնի փոխգործակցությամբ հրատարակվել են ղազախական գրականության հիմնարար անթոլոգիան՝ ծավալուն առաջաբանով, ղազախական խորհրդային գրականության դասական Մուխտար Աուեզովի «Աբայ» վեպ-էպոպեայի երկրորդ հրատարակությունը (նոր առաջաբանով), Աբայի «Սև խոսքեր» փիլիսոփայական երկի հայերեն առաջին թարգմանությունը՝ հայերեն, ղազախերեն, ռուսերեն հատուկ առաջաբանով ու պատմաբանասիրական ծանոթագրություններով, ինչպես նաև բազմաթիվ գիտական, մեթոդական ու գիտահանրամատչելի հոդվածներ՝ տարբեր երկրներում ու տարբեր լեզուներով (այդ թվում՝ Ղազախստանում, ղազախերեն): Ա. Սաֆարյանի ծավալուն առաջաբանն առանց որևէ կրճատման (ռուսերեն թարգմանությամբ) հրատարակվել է «Պրոստոր» գրական հեղինակավոր պարբերականում:
Պրոֆեսոր Ա. Սաֆարյանը սրտանց շնորհակալություն հայտնեց Ղազախստանի և Թուրքմենստանի քաղաքական ղեկավարությանը, ԵՊՀ ներկա և նախկին ռեկտորներին, պրոֆեսորներ Գուրգեն Մելիքյանին և Ռուբեն Մելքոնյանին, իր բոլոր հայ, ղազախ և թուրքմեն գործընկերներին՝ հայ-ղազախական և հայ-թուրքմենական գիտամշակութային կապերի ամրապնդմանը նպատակաուղղված բազմամյա և արդյունավետ համագործակցության համար: Նա կարևորեց հայատառ ղպչաղերեն ձեռագրերի համալիր պատմաբանասիրական ուսումնասիրությունը՝ թե՛ թյուրքական լեզուների (ղազախերենի) պատմության առավել խնդրահարույց հիմնահարցերի, թե՛ եվրասիական տարածաշրջանում կրոնական հանդուրժողականության և ազգամիջյան փոխգործակցության ավանդույթների ուսումնասիրության հրամայականի տեսանկյունից:
Պրոֆեսորը նաև ազդարարեց, որ իրենց ստեղծագործական խումբը (որտեղ ընդգրկված են անվանի բանաստեղծ-թարգմանիչ Վարուժան Խաստուրը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի ասիստենտ Ամալյա Պետրոսյանը և ՌՀՀ ասպիրանտ Արման Սաֆարյանը) ձեռնամուխ է եղել թուրքմենական գրականության հիմնարար անթոլոգիայի ստեղծման գործին. գիրքը կհրատարակվի 2024 թ. թուրքմենական գրականության դասական Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյա հոբելյանի միջոցառումների շրջանակում:
Ներկաներն արձանագրեցին այն փաստը, որ Մայր բուհն այսօր ոչ միայն գիտակրթական գործի ջահակիրն է, այլև բացառիկ դեր ունի ժողովուրդների բարեկամության դարավոր ավանդույթների ամրապնդման, մշակութային ժառանգության պահպանման, գրականության և արվեստի ոլորտներում համագործակցության մնայուն էջերի հանրայնացման գործում:
ԵՊՀ ռեկտորը, շնորհավորելով Ա. Սաֆարյանին և Արևելագիտության ֆակուլտետի բոլոր դասախոսներին բարձր պարգևի կապակցությամբ, ասաց, որ յուրաքանչյուր նմանօրինակ պարգևատրում առաջին հերթին համալսարանի ձեռքբերումն է, լիահույս է, որ նմանատիպ պարգևատրումները շարունակական բնույթ կկրեն: