- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ․ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Նոյեմբեր 25, 2022 | 16:00
Կրթություն
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ․ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում տեղի ունեցավ հանդիպում շվեդական «Evolution Armenia» ընկերության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում նրանք ներկայացրին՝ ինչ հնարավորություններ և առավելություններ ունեն ԵՊՀ ուսանողներն ընկերությունում աշխատելու և պրակտիկա անցնելու տեսանկյունից։
Հանդիպման բանախոսներն էին միջազգային ընկերության մարդկային ռեսուրսների ղեկավար Ալինա Մելիքբեկյանը և տաղանդների ներգրավման թիմի աշխատակից Արփի Արզումանյանը, որը, ի դեպ, նաև ԵՊՀ ուսանող է։ Նրանք պատմեցին ընկերության հիմնադրման, հայաստանյան գործունեության և ընձեռած հնարավորությունների մասին, ապա ներկայացրին մրցունակ և գրագետ ինքնակենսագրական (CV) կազմելու հմտությունները, նաև անդրադարձան այն թեմային, թե ինչպես պատշաճ կերպով նախապատրաստվել և ներկայանալ թե՛ անհատական և թե՛ խմբային հարցազրույցների։
Ալինա Մելիքբեկյանը, նշեց, որ ընկերությունը բոլորովին վերջերս է սկսել իր գործունեությունը և շատ է կարևորում բուհերի հետ գործակցային ամուր կապը։
Մեզ հետ զրույցում անդրադառնալով ԵՊՀ-ի հետ համագործակցության կարևորությանը և ԵՊՀ ուսանողներին ընձեռվող հնարավորություններին, ընկերության մարդկային ռեսուրսների ղեկավարն ասաց․ «Մեր բոլոր մասնաճյուղերը, որ գործում են աշխարհի տարբեր երկրներում, ակտիվ համագործակցում են բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ։ Մենք ևս սկսել ենք համագործակցային ծրագիր հայաստանյան բոլոր բուհերի հետ, և շատ ենք կարևորում հատկապես Հայաստանի մայր բուհի հետ փոխգործակցությունը։ Գնահատելով ԵՊՀ ուսանողների մտավոր ներուժը և գիտելիքի մեծ պաշարը՝ մենք պատրաստ ենք նրանց ընդունել աշխատանքի մեր ընկերությունում, ինչպես նաև տալիս ենք վճարվող պրակտիկայի հնարավորություն»։
Ա․ Մելիքբեկյանի խոսքով՝ ընկերության առաջնահերթություններից է ԵՊՀ ուսանողներին իրենց աշխատանքներում ներգրավելը՝ անկախ նրանից, թե այդ ուսանողներն ունեն աշխատանքային փորձ, թե ոչ։ Ընկերությունն ինքն է տալիս համապատասխան գիտելիքը և օգնում է աշխատանքային գործունեության ողջ ընթացքում։
Նշենք, որ «Evolution Armenia» ընկերությունում ներկայում աշխատում է ԵՊՀ մոտ 20 ուսանող։