- Գլխավոր
- Նորություններ
- ՏԻԵԶԵՐԱԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ԽԹԱՆ․ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Նոյեմբեր 09, 2022 | 14:31
Կրթություն
ՏԻԵԶԵՐԱԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ԽԹԱՆ․ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Գեոկոսմոս» ընկերության տնօրեն Գևորգ Մանուկյանը ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով զարգացնելու և ընդլայնելու կողմերի միջև առկա փոխգործակցությունը։
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Գեոկոսմոս» ընկերության երկարատև քննարկումների և հանդիպումների արդյունքում շարունակական համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որին հաջորդել է հուշագրի կնքումը։ Ստորագրված հուշագրի համաձայն՝ պարբերաբար անցկացվելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ գիտական քննարկումներ, դասընթացներ, գործնական պարապմունքներ, հետազոտություններ և այլն։
Ըստ հուշագրի՝ ԵՊՀ-ն գիտահետազոտական ու մասնագիտական արդյունավետ գործունեություն իրականացնելու վերաբերյալ խորհրդատվություն է տրամադրելու ընկերության աշխատակիցներին, նրանց համար կազմակերպելու է վերապատրաստման դասընթացներ և այլն։
Բացի դրանից՝ «Գեոկոսմոս» ընկերությունը ԵՊՀ-ին առաջարկելու է ավարտական աշխատանքների ոլորտային թեմաներ՝ տրամադրելով դրանց ուսումնասիրության կատարման համար անհրաժեշտ նյութեր ու գրականություն, ինչպես նաև կազմակերպելու է ուսանողների պրակտիկայի անցկացումն ընկերությունում։
Երկու կառույցների ղեկավարների հավաստմամբ՝ համագործակցությունը վստահաբար նպաստելու է Երկրի հեռահար զոնդավորման և տիեզերալուսանկարահանման ոլորտի զարգացմանը՝ ընձեռելով մի շարք հնարավորություններ և այս ուղղությամբ նոր հաջողություններ գրանցելու հեռանկարներ։