- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԼՅՈՒԴՎԻԳ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ ԵՆ ՆՈՐԵՐՈՎ
Հոկտեմբեր 23, 2019 | 15:24
Հասարակություն
ԵՊՀ ԼՅՈՒԴՎԻԳ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ ԵՆ ՆՈՐԵՐՈՎ
ԵՊՀ Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ 100-ամյակի կապակցությամբ աշխարհի տարբեր երկրներից և ՀՀ տարբեր կազմակերպություններից ստացած նվերների ցուցադրություն:
Ցուցադրությանը ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ԵՊՀ տարբեր ֆակուլտետների դեկաններ, ամբիոնի վարիչներ, դասախոսներ, ինչպես նաև հյուրեր Ֆրանսիայի Լիլի համալսարանից:
Թանգարանում կարելի է տեսնել համալսարանի անվանի պրոֆեսորների ընծայագրերով հազվագյուտ գրքեր ու գիտական աշխատություններ, դասախոսությունների և հուշերի ձայնագրություններ, համալսարանի պատմությանը վերաբերող արխիվային կարևորագույն փաստաթղթեր, լուսանկարներ, ֆիլմեր. այցելուները շրջեցին թանգարանով, ծանոթացան նաև 100-ամյա ԵՊՀ-ում պահվող բացառիկ նմուշներին:
Նշենք, որ թանգարանը համագործակցում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի, Հայաստանի ազգային արխիվի, Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ, որոնց շնորհիվ վերականգնվել են բազմաթիվ փաստաթղթեր, առարկաներ, արձանագրություններ:
ԵՊՀ Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանը հյուրերին ներկայացրեց ցուցադրված նվերների պատմությունը և նշեց, որ նվերներից իրեն ամենից շատն ուրախացրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կողմից ԵՊՀ-ին նվիրած աշխարհի հնագույն կաշվե կոշիկի կրկնօրինակը, որը հայտնաբերվել է 2008 թվականին՝ Վայոց Ձորում իրականացված պեղումների ժամանակ:
«Մեր այցելուները մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ են այցելում թանգարան՝ ծանոթանալով մեկդարյա պատմություն ունեցող բուհի ունեցած հազվագյուտ նմուշներին, դասախոսների անձնական իրերին, նրանց հատկացված անկյուններին: Այժմ դրանք համալրվել են նորերով, որոնք նվիրել են օտարերկրյա մեր հյուրերն ու գործընկերները»,- ասաց Հեղինե Գասպարյանը:
Այցելուները շրջեցին նաև թանգարանի դահլիճում, որտեղ ցուցադրված են համալսարանի՝ տարբեր առիթներով ստացած հուշանվերները:
Մանրամասները՝ տեսանյութում
Անգին Խաչատրյան