- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԱԺ ՄՈԴԵԼ» ՍԻՄՈՒԼՅԱՑԻՈՆ ԽԱՂԸ
Դեկտեմբեր 01, 2022 | 17:11
Կրթություն
Ուսանողական
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԱԺ ՄՈԴԵԼ» ՍԻՄՈՒԼՅԱՑԻՈՆ ԽԱՂԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի կազմակերպած «ԱԺ մոդել» սիմուլյացիոն խաղ-մրցույթը, որի ժամանակ երեք խմբակցությունների բաժանված ուսանող-պատգամավորները ներկայացրին ՀՀ զարգացման իրենց ծրագրերը: Խաղն ավարտվեց «Հանրապետական» կուսակցության հաղթանակով:
«ԱԺ մոդելի» նպատակն է դասընթացների և սիմուլյացիոն խաղի միջոցով ուսանողներին ծանոթացնել ՀՀ օրենսդիր մարմնի գործառույթներին և ստեղծել հարթակ՝ բարձրաձայնելու տարբեր ոլորտներում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:
Հատկանշական է, որ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական խորհուրդը պարբերաբար կազմակերպում է ոչ միայն ուսանողների ժամանցն ապահովող, այլև մասնագիտական գիտելիքների զարգացմանն ուղղված միջոցառումներ:
Մեզ հետ զրույցում ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Արթուր Թադևոսյանը, անդրադառնալով դրանց դերին ու ընձեռած հնարավորություններին, նշեց. «Ֆակուլտետում մշտապես կարևորվում է նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը, ինչի մասին են վկայում նախկինում կազմակերպված ԵՄ, ՄԱԿ մոդելները: Այսօր էլ հետադարձ հայացք նետելով մասնագիտական ոլորտի կողմը՝ տեսնում ենք, որ միջազգային կազմակերպությունների շատ ներկայացուցիչներ եղել են ֆակուլտետի ուսանողներ, նաև՝ ՈՒԽ ներկայացուցիչներ: Վստահաբար կարող եմ ասել, որ ուսխորհուրդը տալիս է լայն հնարավորություններ, եթե դրանցից կարողանում ես ճիշտ օգտվել»։
Փաստենք, որ այս խաղին մասնակցելու հարցում ևս ֆակուլտետի ուսանողները ցուցաբերել են բարձր ակտիվություն: Դրա մասին են վկայում խաղի մասնակցության համար ավելի քան 60 ուսանողների դիմումները, որոնցից հետագայում հարցազրույցների արդյունքում ընտրվել են միայն ԱԺ վերաբերյալ առավել իրազեկ ուսանողները:
Ֆակուլտետի ՈՒԽ գիտակրթական հանձնաժողովի պատասխանատու Մարտին Խուրշուդյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ սիմուլյացիոն խաղի կազմակերպմանը՝ նշելով, որ նախորդ տարիների համեմատ՝ այն տարբերվում է իր ձևաչափով և մասշտաբայնությամբ:
Խոսելով տարբերություններից՝ Մարտինն ընդգծեց. «Եթե նախկինում մասնակիցները կուսակցություններ էին ստեղծում, կազմում էին ծրագիր, քարզչություն անում, ապա այս անգամ խաղը կազմակերպվել է այնպես, որ մասնակիցները ներկայանան իբրև պատգամավորներ, որոնք հետևում են քաղաքական գործընթացներին և ունեն Հայաստանի զարգացման սեփական գաղափարախոսությունն ու տեսլականը»:
Հատկանշական է, որ ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ մասնակից ուսանողներն իրենց զգան մտացածին Ազգային ժողովում:
«Ըստ էության՝ մասնակիցների թիվը պետք է լիներ 101, սակայն համալսարանական պայմաններում կազմակերպված մոդելով հնարավոր չէր մրցույթին ներգրավել այդքան մասնակիցների: Ձևավորվել են ամերիկյան մոդելից վերցված երկու մեծ կուսակցություններ՝ «Հանրապետական» և «Ժողովրդավարական»՝ համապատասխանաբար «առյուծ» և «արծիվ» խորհրդանիշներով:
Ինչ վերաբերում է «Վահան» կուսակցությանը, ապա դրա խորհրդանիշ դարձած ՀՀ զինանշանը վկայում է երկրի միասնականության մասին»,- պարզաբանեց Մ. Խուրշուդյանը:
Մեզ հետ զրույցում «Հանրապետական» և «Ժողովրդավարական» կուսակցությունների ներկայացուցիչները անդրադարձան իրենց գաղափարախոսությանը:
Հաղթած կուսակցության արտաքին գործերի նախարարի թեկնածու Արմեն Մկրտչյանը փաստեց, որ ընդհանուր գաղափարների մեջ ներառված է հակագլոբալիզացիայի գաղափարը: Նա նաև նշեց, որ, ըստ գաղափարախոսության, կարևոր դրույթ է լինելու արտասահմանյան կապիտալը Հայաստանում ներդնելը: Խոսելով արտաքին քաղաքականությունից՝ նա ասաց, որ կարևորվելու են ինտեգրացիոն գործընթացները միջազգային տարբեր կազմակերպություններում:
«Ժողովրդավարական» կուսակցության անդամ Անի Արսենյանը, խոսելով ստեղծված խմբակցությունից, ասաց, որ այն լինելու է լիբերալ և ձգտելու է եվրաինտեգրման:
«Մեր նպատակն է կառուցել հզոր Հայաստան»,- մեզ հետ զրույցում շեշտեց Անին։
Նա կարևորեց ՈՒԽ ընձեռած հնարավորությունը մասնակցելու նմանօրինակ միջոցառումների և լավագույնս պատկերացնելու Ազգային ժողովի կառուցվածքն ու դերը:
Սիմուլյացիոն խաղի «Վահան» խմբակցության անդամ Վալերի Մուշեղյանն էլ փաստեց, որ քանիցս մասնակցել է այսօրինակ միջոցառումների, և իր համար սա ևս մեկ հնարավորություն էր զարգացնելու մասնագիտական մտածողությունը:
«Կուսակցությունը, որի անդամ եմ, պետք է ունենա միասնական գաղափարախոսություն, և հասկանալով, թե մասնակից ո՞ր կուսակցության գաղափարներն են համապատասխանում դրան՝ պետք է կատարի ընտրություն: Կարելի է ասել՝ մեզ բաժին է հասնում ամենապատասխանատու հատվածը, քանի որ խաղի ելքը կախված է հենց «Վահան» կուսացությունից»,- ընդգծեց Վալերին:
Նշենք, որ խաղի ավարտին բոլոր մասնակիցներն ստացան հավաստագրեր: