- Գլխավոր
- Նորություններ
- ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Մարտ 23, 2022 | 16:28
Կրթություն
Գիտություն
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախաձեռնությամբ ԵՊՀ-ն հյուրընկալեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներին՝ քննարկելու կրթական հաստատությունների համագործակցային ծրագիրը և կրկնակի դիպլոմների տրամադրման հարցը:
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներն այցելեցին ԵՊՀ սպորտային համալիր, գրադարան և ԵՊՀ պատմության թանգարան: Այնուհետև գիտխորհրդի նիստերի դահլիճում հանդիպեցին ԵՊՀ մի քանի ֆակուլտետի ղեկավարների և ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի հետ:
Հանդիպման գլխավոր նպատակն էր կրկնակի դիպլոմների տրամադրման ընթացակարգի քննարկումը: Անդրադարձ եղավ կրթական կառույցների միջև հուշագրի կնքման գործընթացին և կրթական գործունեություն իրականացնելու համար համապատասխան ծրագրերի կազմմանն առնչվող հարցերին:
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Խ. Ներկարարյանը, անդրադառնալով երկու համալսարանների համագործակցությանը և կրկնակի մասնագիտացման գործում ի հայտ եկող խնդիրներին, ասաց. «Այսօրվա հանդիպման նպատակն այն է, որ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտները զուգահեռաբար ստանան 2-րդ մասնագիտական կրթություն: Այստեղ առաջ են գալիս մի շարք հարցեր: Համաձայն գործող օրենքի՝ չի թույլատրվում կրթական երկու հաստատություններում միաժամանակ ստանալ առկա ուսուցմամաբ կրթություն: Այս դեպքում հեռակա ուսուցումը պետք է իրականցվի ԵՊՀ-ում»:
Պրոֆեսորը ներկայացրեց համատեղ կրթության նախագիծը՝ ըստ ֆակուլտետների և մասնագիտությունների: Նաև կա խնդիր՝ կապված արևելագիտության ֆակուլտետում հեռակա ուսուցման բացակայության հետ: Այս առումով Խ. Ներկարարյանն առաջարկեց հեռակա ուսուցմանը հատկացվող ողջ ժամաքանակը տրամադրել մասնագիտական առարկաներին, քանի որ կրթական մյուս ծրագրերը կուրսանտներն ուսումնասիրում են իրենց առաջին մասնագիտության շրջանակում:
ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ա. Սարգսյանը ներկայացրեց ընդունելության կարգը և քննությունների ցանկը՝ ըստ մասնագիտությունների: Նա ընդգծեց օրենսդրական և կանոնակարգային փոփոխությունների կազմակերպման անհրաժեշտությունը:
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հ. Սարգսյանը կարևորեց համագործակցությունը՝ այն համարելով հայրենանվեր գործունեություն: Պրոֆեսորը ներկայացրեց ֆակուլտետում կրթության կազմակերպման գործընթացը և հույս հայտնեց, որ երկու համալսարանների միջև հուշագրի ստորագրումից հետո բոլոր խնդիրները կլուծվեն:
Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռ. Մելքոնյանը, ընդգծելով բանակի և ԵՊՀ-ի համագործակցության կարևորությունը, ասաց. «ԵՊՀ-ի և մեր բանակի համագործակցությունն ունի ինստիտուցիոնալ բնույթ, տարիների պատմություն, և ես շատ ուրախ եմ, որ կա այն որակական այլ մակարդակ տեղափոխելու ևս մեկ հնարավորություն: Ցանկանում եմ նշել, որ հենց այս պահին էլ արևելագիտության ֆակուլտետում մեր բանակի որոշակի ստորաբաժանման ներկայացուցիչներ մասնակցում են «Ադրբեջանագիտություն» մասնագիտության վերապատրաստման դասընթացների»:
Ելույթ ունեցան նաև ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Յ. Հակոբյանը, աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Վ. Վարդանյանը՝ ներկայացնելով իրենց ֆակուլտետների գործունեությունը և համագործակցության հետ կապված հեռանկարային ծրագրերը:
Եզրափակելով հանդիպումը՝ գնդապետ Ա. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության հնարավորության համար և հույս հայտնեց, որ կուրսանտները, ստանալով կրկնակի կրթության հնարավորություն, շատ լավ կսովորեն:
«Բոլորս մեկ նպատակի երաշխավոր ենք»,- նշեց գնդապետը: