- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲՈԼՈՆՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ
Դեկտեմբեր 16, 2022 | 13:32
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲՈԼՈՆՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում անցկացվել է «Կրթական բարեփոխումները Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ)» խորագրով քննարկում:
Հրավիրված քննարկման նպատակն էր ՀՀ տարածքում գործող ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բուհերի ներկայացուցիչներին համապարփակ տեղեկություն հաղորդել ԵԲԿՏ-ում նախատեսվող հիմնական միտումների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել թեմատիկ խմբերի աշխատանքային ուղղությունները և գործունեության ճանապարհային քարտեզը՝ մատնանշելով, թե որ ուղղությամբ է շարժվում Հայաստանը Բոլոնիայի գործընթացի շրջանակում։
Հանդիպման ժամանակ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծել է այսօրինակ քննարկումների դերն ու նշանակությունը: Ռեկտորը փաստել է, որ, լինելով Բոլոնյան գործընթացի անդամ և Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի մաս, համալսարանը պետք է կատարի բոլոր այն բարեփոխումները, որոնք ստանձնել է միջազգային պարտավորություններով:
«Հատկանշական է, որ քննարկմանը մասնակցում են կրթական համակարգի պատասխանատու ներկայացուցիչներ՝ ռեկտորներ, պրոռեկտորներ, ուսումնական վարչությունների պետեր, դասախոսներ: Կարևոր է, որ քննարկման արդյունքում ընդունված որոշումները կրթական հաստատությունների վրա ուղիղ անդրադարձ ունենան, և դրանց շնորհիվ կատարվեն համապատասխան բարեփոխումներ»,- ասել է Հ. Հովհաննիսյանը։
Իր խոսքում ռեկտորը նաև փաստել է համալսարանում կատարված կառուցվածքային, կրթական և ծրագրային բարեփոխումները՝ շեշտադրելով մագիստրոսական կրթական ծրագրերին վերաբերող բարեփոխումների դերը: Ռեկտորի հավաստմամբ՝ դրանք լինելու են շարունակական:
Ամփոփելով խոսքը՝ Հ. Հովհաննիսյանը կարևորել է կրթական բարեփոխումներում փորձի փոխանակման դերը և մատնանշել, որ այդ հարցում պետք է ցուցաբերվի միասնականություն:
ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, որը նաև Բոլոնյան գործընթացի հետամուտ խմբի ՀՀ ներկայացուցիչներից է, իր խոսքում նշել է, որ ԵՊՀ-ում վերջին ամսվա ընթացքում նմանօրինակ քննարկում կազմակերպվում է արդեն երկրորդ անգամ, ինչը խոսում է համալսարանի՝ կրթական խնդիրները, բարեփոխումները, նորարարական մոտեցումները քննարկելու պատրաստակամության մասին:
Ուսումնական գծով պրոռեկտորը կարևորել է նաև Հայաստանի՝ Բոլոնյան գործընթացի լիիրավ անդամ լինելու փաստը՝ նշելով, որ այդ գործընթացում երկիրը ներկայանում է աշխատանքային տարբեր խմբերով:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ընդգծելով նմանօրինակ քննարկումների անհրաժեշտությունը, նույնպես նշել է, որ դրանք պետք է շարունակական լինեն։
Խոսելով ոլորտում առկա, ժամանակ առ ժամանակ հնչեցված խնդիրների և հարցադրումների մասին՝ նախարարի տեղակալն ասել է, որ դրանք պահանջում են համակարգային լուծումներ։ Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին կլինեն տեսանելի և չափելի արդյունքներ։
Բոլոնիայի գործընթացի հետամուտ աշխատանքային խմբի ՀՀ անդամները քննարկմանն անդրադարձել են նաև աշխատանքային խմբերի խնդիրներին և նպատակներին, միկրոորակավորումների որակի ապահովման մեխանիզմների մշակմանն ու որակի ապահովման գործընթացների թվայնացմանը, որակավորումների շրջանակի ինքնահավաստագրմանը, կարճ շրջափուլով բարձրագույն կրթության իրականացմանը և կարևոր նշանակությամբ այլ հարցերի:
Նշենք, որ ՀՀ հանձնառության խմբերի աշխատանքները և խորհրդատվությունները նախատեսվում է ներկայացնել Բոլոնիայի քարտուղարությանը։
Հիշեցնենք՝ Հայաստանը Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին անդամակցում է՝ սկսած 2005 թվականից։