- Գլխավոր
- Նորություններ
- ՔԻՄԻԱՅԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Փետրվար 09, 2023 | 15:25
Կրթություն
Գիտություն
ՔԻՄԻԱՅԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Սննդային հավելումներ, պարարտանյութեր, պոլիէթիլեն կամ լաբորատոր թեստեր․ առաջինը, ինչ պատկերացնում ենք քիմիայի մասին մտածելիս, սակայն մեզ շրջապատող գրեթե ամեն ինչ անմիջական առնչություն ունի գիտության այս ճյուղի հետ։
Երբևէ մտածե՞լ եք՝ էկրանը, որից այն կողմ տեսնում եք այս տեքստը, ինչից է պատրաստված, կամ ինչպես հնարավոր դարձավ տարիների ընթացքում հսկայածավալ էկրաններով սարքերը տեղավորել հագուստի փոքր գրպանում։ Այս հարցերի պատասխանները դեռևս 50 տարի առաջ տվել է բրիտանացի քիմիկոս Ջորջ Գրեյը։ Պրոֆեսորի՝ 1970-80-ական թվականներին կատարած ուսումնասիրությունն ու հրապարակած աշխատությունը նպաստեց բազմամիլիարդանոց արդյունաբերության զարգացմանը և փոքր ու բարակ էկրաններով սարքերի արտադրությանը։ Ջ․ Գրեյը մշակել էր մոլեկուլներ, որոնք կենսունակ էին դարձնում հեղուկ բյուրեղային էկրանները (LCD)՝ փոխելով հաղորդակցային ավանդական մի շարք ընկալումներ։
Ժամանակակից արդյունաբերական աշխարհում քիմիան տնտեսության հիմնասյուներից մեկն է։ Ինչպես կենսագործունեության մյուս ոլորտներում, այնպես էլ քիմիայում առկա են առանցքային խնդիրներ ու մարտահրավերներ, որոնք պահանջում են անհապաղ և հետևողական լուծումներ:
Քիմիայի ոլորտն ուսումնասիրող ուսանողները ձեռք են բերում տեսական գիտելիք ու գործնական հմտություն, ըստ որում՝ այդ գիտելիքն ստանալու համար նրանք հնարավորություն ունեն տարատեսակ փոխանակման ծրագրերով մեկնելու արտերկիր և կատարելու գիտափորձեր ընդունող համալսարանների լաբորատորիաներում՝ գիտելիքի ձեռքբերված պաշարը ծառայեցնելով Հայաստանում ոլորտի զարգացմանը։
Նմանօրինակ հնարավորություններ է առաջարկում Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը, որտեղ, բացի քիմիայի ավանդական ենթաճյուղերից (օրգանական, անօրգանական, անալիտիկ և ֆիզիկական քիմիա), ուսումնասիրվում են նաև սննդի անվտանգություն և նյութագիտություն։
Ֆակուլտետում լաբորատոր և տեխնիկական հագեցվածության շնորհիվ կատարվում են գիտափորձեր, ինչպես նաև, ուսումնական գործընթացին զուգահեռ, կազմակերպվում են ոլորտի խորքային ուսումնասիրությանը միտված այլ միջոցառումներ։
Ունենալով գիտական մեծ ներուժ՝ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը ուսանողների հետ գործակցությամբ տարեկան հրապարակում են 25-30 հոդված հեղինակավոր գիտական պարբերականներում, այդ թվում՝ միջազգային բարձր վարկանիշավորմամբ ամսագրերում։
Ֆակուլտետում գործում են նաև դրամաշնորհային ծրագրեր, որոնց շրջանակում իրագործվում են գիտական մի շարք ուսումնասիրություններ։ Ֆակուլտետում սովորող ուսանողները դասընթացների մի մասն անցկացնում են գործընկեր կազմակերպություններում՝ հնարավորություն ստանալով լուծելու կիրառական խնդիրներ և ծանոթանալու աշխատաշուկայի պահանջներին:
Նշենք, որ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում նախորդ տարի ներդրվել է «Նյութագիտություն» մագիստրոսական ծրագիրը, որը մշակվել է ԱՄՆ-ի Նոթր Դամի համալսարանի, Տեխասի Ռիո Գրանդե Վելի համալսարանի, «Հուավեյ թեքնոլոջիս» ընկերության և գործընկեր այլ կազմակերպությունների առաջատար մասնագետների ջանքերով։ Այն իրագործվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և «PMI Science»-ի աջակցությամբ։
Դրամաշնորհային գրեթե բոլոր խմբերում ակտիվ ներգրավված են ֆակուլտետի ուսանողները (սկսած առաջին կուրսից մինչև մագիստրատուրայի երկրորդ կուրսը)՝ ելնելով նրանց ցուցաբերած առաջադիմությունից, հետաքրքրությունից և գիտական մտածողությունից։
Ֆակուլտետի տված տեսական և գործնական հիմնարար կարողունակությունների շնորհիվ շրջանավարտները աշխատում են ԱՄՆ-ի, Կանադայի, Չինաստանի, Ճապոնիայի, Կորեայի, Ֆրանսիայի և շատ այլ երկրների լաբորատորիաներում և ընկերություններում, ինչպես՝ «Սամսունգ», «Հուավեյ թեքնոլոջիս» և այլն։
Արի՛ ԵՊՀ, ձե՛ռք բեր ժամանակակից մասնագիտություն, դարձի՛ր մրցունակ մասնագետ աշխատաշուկայում։
Անի Սուքիասյան