- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՈՉ ՖՈՐՄԱԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
Նոյեմբեր 29, 2022 | 16:00
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՈՉ ՖՈՐՄԱԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում մեկնարկեց Թբիլիսիի «Գյոթե» ինստիտուտի հետ համատեղ իրագործվող ծրագիրը, որի մասնակից ուսանողները, զարգացնելով գերմաներենի լեզվական գիտելիքները, միաժամանակ հնարավորություն կունենան ծանոթանալու լեզվի դասավանդման ժամանակակից մեթոդներին:
Երևանի «Գյոթե» ինստիտուտի՝ գերմաներենի դասավանդման փորձագետ Իրիս Զոննենբերգը, կարևորելով Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությունը, նշեց, որ սա նոր հնարավորություն կտա բարձրացնելու գերմաներենի հանդեպ հետաքրքրությունը, ինչպես նաև կնպաստի լեզվի զարգացմանը: Իր ելույթում Ի. Զոննենբերգը հույս հայտնեց, որ նմանօրինակ ծրագրերը շարունակական կլինեն:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնի վարիչ Գայանե Սավոյանն անդրադարձավ գերմաներենի՝ որպես օտար լեզվի զարգացման գործում ամբիոնի կատարած աշխատանքներին: Խոսելով տարատեսակ համագործակցություններից` Գ. Սավոյանը փաստեց, որ դրանք միտված են ընդլայնելու լեզվի վերաբերյալ ուսանողների գիտելիքները, ինչպես նաև վերջիններիս հաղորդակից դարձնելու լեզվի անընդհատական զարգացմանը: Այս համատեքստում նա կարևորեց «Գյոթե» ինստիտուտի հետ համագործակցության շրջանակում կազմակերպվող ծրագիրը:
«Հետաքրքիր է տեսնել, թե ուսանողը ոչ մասնագիտական բնագավառում ինչպես կյուրացնի դասավանդման մեթոդները: Մի բան է, երբ դու սովորում ես լեզուն ու դառնում լեզվի մասնագետ, և մեկ այլ բան է, թե ինչպես այդ լեզվով ձեռք կբերես այնպիսի հմտություն, որն ընդհանուր է տարբեր մասնագիտությունների համար։ Ճիշտ է, ծրագիրն անցկացվելու է գերմաներենով, բայց այն տալիս է նաև ընդհանրական գիտելիք, որն անհրաժեշտ է յուրաքանչյուրին»,- նշեց գերմանական բանասիրության ամբիոնի վարիչը:
Շարունակելով Գ. Սավոյանի խոսքը՝ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դասախոս, «Գյոթե» ինստիտուտի վերապատրաստող Մերի Նավասարդյանը նույնպես անդրադարձավ գերմաներենի դասավանդման նոր մեթոդներն ուսանողներին փոխանցելու կարևորությանը` նշելով, որ տարածաշրջանի երկու երկրներում էլ այն կարևորվում է:
«Գյոթե» ինստիտուտի վերապատրաստողը մատնանշեց մի քանի ծրագիր, օրինակ՝ «Էրազմուս+»-ը, որոնք հնարավորություն են տալիս դասավանդման ժամանակակից մեթոդների հետ կապված վերապատրասում անցնելու արտերկրում: Մ. Նավասարդյանի հավաստմամբ՝ «Գյոթե» ինստիտուտն այդ պրակտիկան ներդնում է նաև այստեղ:
«Կարևոր է, որ ծրագիրը տալու է ոչ միայն մանկավարժական, այլև տարաբնույթ այլ հմտություններ, որոնք ունենալու դեպքում ուսանողներն առավել պահանջված մասնագետներ կդառնան»,- վստահեցրեց Մ. Նավասարդյանը:
Խոսելով դասավանդման նոր մեթոդներից՝ Մերի Նավասարդյանը նշեց, որ դրանք տարբեր են յուրաքանչյուր բնագավառում՝ տեքստերի շուրջ տարվող աշխատանքներում, լսարանի հետ ծանոթանալու հարցում, տեղեկատվությունն առավել գրավիչ ներկայացնելու տեսանկյունից և այլն: Մ. Նավասարդյանը հավելեց, որ ծրագրի շրջանակում անդրադառնալու են դասավանդողների տարբեր տիպերին: Նրա խոսքով` սա ոչ ֆորմալ կրթության բաղկացուցիչ մաս է:
Նշենք, որ ծրագրին մասնակցելու հայտ են ներկայացրել 30 ուսանողներ, որոնցից ընտրվել են գերմաներենի տիրապետման առավել բարձր մակարդակ ունեցող շուրջ 20 հայտատուներ:
Հատկանշական է, որ ծրագրի ավարտին մասնակից ուսանողներն ստանալու են հավաստագրեր: Ծրագիրը նոր հիմքեր է ստեղծելու «Գյոթե» ինստիտուտի հետ համագործակցության ձևավորման ու զարգացման համար: