- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ՌՈՒԲԵՆ ՄԱՄՈՒԼՅԱՆԻ 125-ԱՄՅԱԿԸ
Նոյեմբեր 02, 2022 | 16:08
Կրթություն
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ՌՈՒԲԵՆ ՄԱՄՈՒԼՅԱՆԻ 125-ԱՄՅԱԿԸ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում կազմակերպվեց հանդիպում բանասեր, կինոգետ, գրող և պատմաբան Արծվի Բախչինյանի հետ, որը ներկայացրեց 20-րդ դարի անվանի կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանի կյանքն ու ստեղծագործական ուղին։
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը կարևորեց այն, որ համալսարանականները ճանաչեն հայազգի նշանավոր անհատներին, ինչին միտված են այսօրինակ հանդիպումները։
Արծվի Բախչինյանը մանրամասնորեն ներկայացրեց Ռուբեն Մամուլյանի կենսագործունեությունը, ապա ներկաներին խորհուրդ տվեց ընթերցելու իր հեղինակած «Ռուբեն Մամուլյան. արվեստագետը և հայը» գիրքը՝ նվիրված մեծանուն ռեժիսոր, համաշխարհային կինոյում իր նորարարություններով հայտնի, դասական գործերով համաշխարհային ճանաչման հասած և բարձր գնահատականի արժանացած բեմադրիչ Ռուբեն Մամուլյանի կյանքին ու գործին։ Հեղինակի խոսքով՝ գրքի ընթերցումը հնարավորություն կտա ավելի լավ ճանաչելու Ռ Մամուլյանին թե՛ որպես կինոռեժիսորի, թե՛ որպես հայ մարդու:
Ա. Բախչինյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ ողջ կյանքում հետաքրքրվել է օտար մշակույթներում հայ գործիչների ունեցած ավանդով: Այժմ փորձում է անել ամեն բան, որ երիտասարդները գնահատեն, արժևորեն և ճանաչեն ազգի երախտավորներին ոչ միայն անունով, այլև գործով:
Նշենք, որ միջբուհական հանդիպումը, որին ներկա էին Երևանի պետական համալսարանի, Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի ուսանողները, կազմակերպվել էր ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի համատեղ ջանքերով։
Նմանատիպ հանդիպումներն անցկացվում են ԵՊՀ կինոակումբի շրջանակում՝ նպատակ ունենալով նպաստելու ուսանողների բարձր ճաշակի ձևավորմանը, ինչպես նաև ծանոթանալու կինոյի ոլորտի վերաբերյալ նրանց տեսակետներին ու առաջարկություններին: