- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԶՈՒԼԱԼԻ» ՖԻԼՄԻ ԴԻՏՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
Ապրիլ 27, 2022 | 17:47
Մշակույթ
ԵՊՀ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԶՈՒԼԱԼԻ» ՖԻԼՄԻ ԴԻՏՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
Նարինե Աբգարյանի համանուն նովելի հիման վրա նկարահանված «Զուլալի» ֆիլմի դիտում-քննարկմանը ներկա էին բեմադրող ռեժիսոր, պրոդյուսեր Հայկ Օրդյանը, բեմադրող օպերատոր Արման Օրդյանը, պրոդյուսեր Անի Օրդյանը և դերակատար Հերմինե Ստեփանյանը:
Կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը ողջունեց ներկաներին ու խոսեց հայկական ֆիլմերի ցուցադրության կարևորության մասին. «Մեր դիմաց խնդիր ենք դրել՝ այսօրվա հայկական արտադրության ֆիլմերը ցուցադրելու երիտասարդներին:
Ուսումնասիրության արդյունքում հասկացա, որ ոչ բոլորն են տեղեկացված. բոլոր հարթակներում կարող են գտնել արտասահմանյան հազարավոր ֆիլմեր, սակայն ժամանակակից հայկական ֆիլմերը լայն տարածում չեն գտնում»:
Ռեժիսոր Հայկ Օրդյանը, խոսելով ֆիլմի մասին, ասաց, որ իր նկարահանած առաջին ֆիլմն է՝ գրական ստեղծագործության հիման վրա. «Երբ կարդացի գիրքը, հասկացա, որ բոլոր հերոսներին ճանաչում եմ, որ ստեղծագործությունն ինձ հարազատ է, հենց իմն է. մինչ այդ երկար փնտրում էի գրական ստեղծագործություն, որի հիման վրա կնկարահանեի ֆիլմ»:
Ֆիլմի դերակատար Հերմինե Ստեփանյանը նշեց, որ աշխատանքը բավականին պատասխանատու էր. «Ես մեծ փորձ չունեի, կերպարն էլ շատ բարդ էր, բայց ուրախ եմ, որ Հայկը վստահեց ու հավատաց ինձ»:
Կինոդիտմանը հաջորդեց քննարկում, որին մասնակցեցին ֆիլմի ստեղծագործական անձնակազմը:
Հիշեցնենք, որ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի կինոակումբը գործում է 2010 թվականից: