- Գլխավոր
- Նորություններ
- ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ 25-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆԸ
Նոյեմբեր 07, 2019 | 15:23
Հասարակություն
ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ 25-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆԸ
2019 թ. նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 25-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը, որը կազմակերպվել էր ԵՊՀ մշակույթի կենտրոնի և ԵՊՀ ԻՄ-ի համագործակցությամբ:
Հանդիսությանը հրավիրված էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Գ. Գևորգյանը, ԵՊՀ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Ա. Մալխասյանը, ԵՊՀ գիտքարտուղար Լ. Հովսեփյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, մարզի հոգևոր, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ՝ Տավուշի մարզպետ Հ. Չոբանյանի, Իջևանի համայնքապետ Հ. Ղալումյանի գլխավորությամբ, ԵՊՀ ԻՄ-ի հիմնադիր կազմի անդամներ, մասնավորապես՝ հիմնադիր տնօրեն Հ. Կարայանը, պատվավոր հյուրեր, դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, շրջանավարտներ, ուսանողներ, ծնողներ, քաղաքացիներ:
Հոբելյանական միջոցառմանը նախորդել է ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի հանդիսավոր նիստը, որի ընթացքում տեղի է ունեցել ԵՊՀ 100-ամյակի և մասնաճյուղի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ հուշամեդալների և պատվոգրերի հանձնման հանդիսավոր արարողությունը՝ ԵՊՀ ռեկտորի ժ/պ պարոն Գ. Գևորգյանի, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Մակարյանի մասնակցությամբ:
ԵՊՀ ԻՄ-ի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ ոսկե, արծաթե մեդալների և պատվոգրերի արժանացան մասնաճյուղի մի շարք դոցենտներ, դասախոսներ ու աշխատակիցներ:
Հուշամեդալների և պատվոգրերի հանձնումից հետո տեղի ունեցան հյուրասիրություն և Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների աշխատանքների ցուցադրությունը:
Այնուհետև Տավուշի մարզպետարանում կայացան մասնաճյուղի 25-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսությունը և հոբելյանական համերգը:
Հանդիսությունը մեկնարկեց Տերունական աղոթքով ու ՀՀ պետական օրհներգով, ապա ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաների կատարմամբ հնչեց ԵՊՀ հիմներգը:
Ելույթ ունեցան ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Գեղամ Գևորգյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Պարոն Գ. Գևորգյանը, ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի և մասնաճյուղի 25-ամյակի կապակցությամբ շնորհավորելով բոլոր համալսարանականներին ու ներկաներին, նշեց, որ հոբելյանական այս միջոցառումը ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների շղթայի կարևոր օղակներից է, գուցե ամենակարևորը տարածաշրջանի համար: Իր խոսքում ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ն ընդգծեց մասնաճյուղի ոչ միայն գոյության, այլև նրա զարգացման անհրաժեշտությունը, շնորհակալություն հայտնեց Երևանից հրավիրված և տեղացի պրոֆեսորադասախոսական կազմին՝ մեծ նվիրումով աշխատելու համար. «Քսանհինգ տարի է՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը կատարում է ոչ միայն կրթական գործառույթներ, այլև սահմանապահի դեր Հայաստանի Հանրապետության համար: Այս բարձրագույն կրթօջախը կարևորվում է նաև այն գործառույթով, որ շենացնում է մի ամբողջ մարզ՝ մեր հայրենիքի մի կարևոր հատված»:
Պարոն Ա. Մակարյանը, շնորհավորելով համալսարանի 100 և նրա մասնաճյուղի 25-ամյակները, մաղթեց, որ նրանք ունենան աննախընթաց վերելք ապրող գիտական հզոր ներուժ, ստեղծագործ ու նախաձեռնող ուսանողություն. «Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ստեղծման, նրա լինելության 25-ամյա հոբելյանի առթիվ և մաղթում, որ հավերժական լինի նրա երթը պատմության հոլովույթում, նորանոր սերունդներ կրթվեն նրա տված գիտության լույսով ու դառնան մեր ժողովրդի պայծառ ապագայի կերտողները: Օրեր առաջ էլ նշվեց Մայր բուհի հիմնադրման 100-ամյակը: Թու՛յլ տվեք Իջևանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի, ողջ ուսանողության ու Տավուշ աշխարհի հանրության անունից կրկին ջերմորեն շնորհավորել նրա 100-ամյա հոբելյանը և մաղթել, որ հինավուրց մեր ժողովուրդն իր բիբլիական հողում համալսարանի հազարամյակը տոնի, ու հավերժական լինի նրա փառահեղ երթը»:
Ապա տնօրենը հանգամանորեն ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի տարեգրությունը՝ խոսելով 1991 թ. սահմանամերձ մարզում մեծ ջանքերի գնով գիտակրթական օջախ հիմնելու անհրաժեշտության, հիմնադիրների (մասնավորապես՝ հիմնադիր տնօրեն Համլետ Կարայանի) անձնվեր աշխատանքի, բուհի կայացման ու շարունակական զարգացման մասին:
Միջոցառումը շարունակվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 25-ամյակին նվիրված հոբելյանական համերգով, որին մասնակցում էին ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները: