Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի վերլուծական փորձարկման լաբորատորիայում փորձագետներն իրականացնում են աշխատանքներ տարբեր գիտահետազոտական ուղղություններով՝ դեղերի, կենսաբանորեն ակտիվ հավելումների և այլ պատրաստուկների որակի հսկում, իսկության հաստատում, նմուշների իոնային կազմի որոշում, քանակական և որակական անալիզ, էլեմենտային կազմի վերլուծություն, վերլուծական մեթոդների վալիդացում և այլն:
Փորձագետների հետազոտության նպատակն էր նաև ՀՀ կենցաղային ջրերում անիոնային կազմի ուսումնասիրությունն ու համեմատական վերլուծությունը: Իսկ անիոններից առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում ֆտորը: Վերջինս պայմանավորված է նրանով, որ շրջակա միջավայրում ավելցուկային ֆտորի կուտակումը լուրջ վտանգ է բույսերի, կենդանիների և մարդկանց առողջության համար: Այն վտանգում է մարդու առողջությունը, ազդում օրգանիզմի աճի և զարգացման վրա և բացասաբար է անդրադառնում սննդային շղթայի վրա՝ դրանով իսկ ազդելով էկոլոգիական հավասարակշռության վրա։
Վերջին տարիներին բազմաթիվ ուսումնասիրություններ կենտրոնացել են ֆտորիդային թունավորության հետ կապված մոլեկուլային մեխանիզմների վրա: Այս ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ֆտորը կարող է առաջացնել օքսիդատիվ սթրես, ազդել ներբջջային ռեդոքս հոմեոստազի վրա և հանգեցնել միտոքոնդրիումի վնասման, էնդոպլազմային ցանցի սթրեսի և այլն: Ֆտորոզը հանրային առողջության հիմնական խնդիրներից է: Այն էնդեմիկ է աշխարհի մոտ 24 երկրներում, որոնք խմելու ջրում գրանցել են ֆտորի բարձր մակարդակ:
Հետազոտությունները փորձագետներն իրականացրել են 22YR-1E011 հետազոտական ծրագրի շրջանակում: Նախագծի նպատակն է եղել մշակել ֆտորի նույնականացման իոնային քրոմատոգրաֆիայի բարձր ընտրողականությամբ մեթոդ, համաձայն միջազգային ուղեցույցների՝ իրականացնել մեթոդի կիրառելիության փորձաքննություն, իրականացնել Հայաստանի տարբեր մարզերի ջրային ռեսուրսներում ֆտորի նույնականացում և ստացված արդյունքների հիման վրա կատարել քարտեզագրում:
Հետազոտությունները հաջողությամբ իրականացվել են. նույնականացվել են Հայաստանի տարբեր մարզերում ջրային ռեսուրսներում անօրգանական անիոնները` ֆտորիդ, քլորիդ, բրոմիդ, նիտրիդ, նիտրատ, սուլֆատ, ֆոսֆատ։ Մեթոդի ամբողջական վավերացումն իրականացվել է ISO 17025 հավատարմագրման թեստերի և ICH ներդաշնակեցված եռակողմ ուղեցույցների պահանջներին համապատասխան (ICH 2005, ISO 17025 1999):
Փորձագետները հետազոտության արդյունքները ներկայացրել են «Հայաստանի Հանրապետության որոշ մարզերի խմելու ջրում ընդհանուր անիոնների իոն-քրոմատոգրաֆիական որոշումը» վերտառությամբ հոդվածով, որը հաջողությամբ տպագրել են Q2 վարկանիշ ունեցող «Pharmacia» ամսագրում:
Հիշեցնենք, որ 2024 թվականին «Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի» գիտաուսուﬓական կենտրոնի վերլուծական փորձարկման լաբորատորիան հավատարմագրվել է ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025 ստանդարտով։