Ս․թ․ մարտի 12-ին Կենսաբանության ֆակուլտետում Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ անցկացվեց սեմինար-զեկուցում, որը վարեց կ․գ․թ․, դոցենտ Ժենյա Յավրոյանը։
Բանախոսը նշեց, որ թթվածնի ակտիվ միացությունների ձևավորումը բջջում կարող է իրականանալ բջջաթաղանթում, միտոքոնդրիումներում և տարբեր օրգանոիդներում, այդ թվում նաև կորիզում: Թեև միտոքոնդրիումների համեմատ կորիզում թթվածնի ակտիվ միացությունների առաջացման մակարդակը ցածր է, գտնում են, որ հենց թթվածնի ակտիվ ձևերի կորիզային փուլի ավելացումն է զգալիորեն նպաստում բջիջների մահվանը:
Խոսելով թեմայի կարևորությունից՝ նա ընդգծեց, որ հաշվի առնելով կորիզային լիպիդների կարգավորիչ դերը՝ օքսիդատիվ սթրեսի և լիպիդների պերօքսիդային օքսիդացման գործընթացների հետազոտումը առնետի տարբեր հյուսվածքների կորիզային ֆրակցիայում երկու պրո օքսիդիչների՝ ցիսպլատինի և դեքսամետազոնի առանձին և համատեղ կիրառման ներքո խիստ արդիական է։
Նշված հետազոտությունները կարևորվում են նաև նրանով, որ դեքսամետազոնը կիրառվում է որպես հարակից բուժման միջոց ցիսպլատինի կողմնակի ազդեցությունները մեղմելու նպատակով: Հետաքրքիր է պարզել երկու պրո օքսիդիչների համատեղ ազդեցությունը օքսիդատիվ սթրեսի և լիպիդների պերօքսիդային օքսիդացման գործընթացների մակարդակի վրա, ինչը թույլ կտա պարզաբանել ոչ միայն այդ գործոնների ազդեցության մեխանիզմները, այլ նաև պարզել դեքսամետազոնի կողմից ցիսպլատինի առաջացրած կողմնակի ազդեցությունները մեղմելու մեխանիզմները: