Ս․թ․ մարտի 12-ին Կենսաբանության ֆակուլտետում Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ անցկացվեց սեմինար-զեկուցում, որը վարեց Կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի ավագ լաբորանտ Ալվարդ Մինասյանը։
Բանախոսը նշեց, որ վերջին տասնամյակում դեղաբանական նշանակություն ունեցող բույսերից ստացված միացությունները զգալի ուշադրության են արժանացել հետազոտողների կողմից՝ որպես նյարդաբանական խանգարումների բուժման նոր այլընտրանքային դեղամիջոցների պոտենցիալ աղբյուր: Բարձր հակաօքսիդանտային ակտիվությամբ մի շարք բույսեր կարող են ազդել միկրոգլիալ բջիջների հակաօքսիդանտային համակարգի ակտիվության վրա և կանխել նեյրոդեգեներատիվ փոփոխությունները:
Այս համատեքստում նա ընդգծեց, որ Հայաստանի ֆլորայի դեղաբույսերի հակաօքսիդիչ ակտիվությունների ուսումնասիրությունները կարող են հիմք հանդիսանալ կանխարգելիչ բժշկության մեջ կիրառելի հակաօքսիդանտային ակտիվությամբ օժտված պատրաստուկների մշակման համար։ Այդ դեղաբույսերից է «Vaccinium myrtillus»-ը, որի սպիրտային լուծամզվածքը դրսևորում է բարձր հակաօքսիդանտային ակտիվություն։
«Vaccinium myrtillus»-ի լուծամզվածքի կիրառմամբ ուսումնասիրվել են բորբոքային պրոցեսների և հակաօքսիդանտային համակարգի ֆերմենտների ակտիվության փոփոխությունները միկրոգլիալ BV-2 վայրի տիպի (Wt) և ացիլ-CoA օքսիդազի տիպ 1 (ACOX1) անբավարար մուտանտ (Acox1-/-) բջիջներում՝ տարբեր սթրեսային պայմաններում, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ լուծամզվածքն ունի կարգավորող ազդեցություն՝ բջիջներում խախտված ռեդօքս գործընթացը վերականգնելու տեսանկյունից։