Ս․թ․ մարտի 19-ին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ անցկացվեց սեմինար, որի շրջանակում զեկուցում ներկայացրեց Հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայի ավագ լաբորանտ Տաթևիկ Մանուցյանը:
Տաթևիկ Մանուցյանն անդրադարձավ նանոգիտության առանձնահատկություններին և ուսումնասիրության հիմնական օբյեկտներին։ Նա մասնավորապես ընդգծեց, որ նանոգիտությունը վերջերս մեծ ուշադրության է արժանացել՝ լինելով ժամանակակից գիտության հիմնարար ճյուղ: Կիրառումների լայն շրջանակի շնորհիվ այն գրավում է բազմաթիվ գիտնականների ուշադրությունն ամբողջ աշխարհում: Ինչպես նշեց բանախոսը, շնորհիվ նանոմասնիկների ֆիզիկական, քիմիական և կենսաբանական տարբեր բնութագրերի (ներառյալ դրանց բարձր էլեկտրական հաղորդունակությունը, ջերմային հաղորդունակությունը, քիմիական կայունությունը, բարձր կատալիտիկ ակտիվությունը և կենսաբժշկական համապատասխան հակաբակտերիալ և հակաքաղցկեղային հատկությունները)՝ դրանց կիրառությունը տարբեր ոլորտներում նշանակալի է։ Նա ընդգծեց նաև, որ նանոմասնիկները համարվում են հակաբիոտիկների նոր և հավանական այլընտրանք։