ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտում անցկացվեց «Սևանա լճի լիմնոհամակարգի ավտոտրոֆ օղակի ֆունկցիոնալ դերի և զարգացման օրինաչափությունների մոնիթորինգ տրոֆայնության տարբեր ժամանակահատվածներում» խորագրով սեմինար-քննարկում՝ նվիրված Սևանա լճի անթրոպոգեն էվտրովիկացման զարգացմանը և էկոլոգիական խնդիրների առաջացմանը: Ելույթ ունեցավ Կիրառական կենսաբանության և էկոլոգիայի լաբորատորիայի գիտական աշխատող Լուսինե Համբարյանը:
Սևանա լճի տարբեր կարգավիճակների համար ֆիտոպլանկտոնային համակեցությունը փոփոխվող պայմանների կենսաբանական ստույգ ցուցիչ է եղել: Վերջին տարիներին ցիանոբակտերիաների առաջացրած համատարած տոքսիկ ծաղկումները մեծ վտանգներ են պարունակում հիդրոբիոնտների և մարդկանց առողջության համար: Մեծ հետաքրքրություն առաջացրեց գիտնականների առաջարկած՝ լճի մակարդակը առնվազն 6 մետր բարձրացնելու միտքը, ինչը դիտվում է որպես միակ ուղի՝ էկոհամակարգը կայունացնելու համար:
Սեմինար-քննարկման շրջանակում քննարկվեցին ժամանակակից այն մոտեցումները, որոնք նպաստում են ջրային էկոհամակարգերի վերականգնմանը և ռացիոնալ օգտագործմանը, ինչը կբերի Սևանա լճի «առողջացմանը»: