ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ «Մարդու բջիջների գենոմային անկայունության նոր կենսամարկերներ» թեմայով սեմինար-քննարկում։ Զեկուցում ներկայացրեց Ընդհանուր և մոլեկուլային գենետիկայի լաբորատորիայի գիտաշխատող Տիգրան Հարությունյանը։
Մարդիկ in utero փուլից ենթարկվում են շրջակա միջավայրի տարբեր գործոնների ազդեցությանը, որոնց ամբողջությունը կոչվում է էքսպոզոմ։ Էքսպոզոմի և գենոմի միջև փոխազդեցությունը կարող է մակածել գենաթունային էֆեկտներ, որոնք բացահայտելու համար մշակվել են ստանդարտ գենաթունաբանական մեթոդներ։ Այս մեթոդները թույլ են տալիս գնահատել ԴՆԹ-ի և քրոմոսոմների վնասվածքները` որպես կենսաբանական վերջնարդյունք։ Սակայն վերջին տարիներին բացահայտվել են մի շարք նոր կենսամարկերներ, որոնց գենաթունաբանական նշանակությունը դեռևս թերի է ուսումնասիրված։ Այդպիսի կենսամարկերներից են, օրինակ, ԴՆԹ-ի կրկնությունների թվի փոփոխությունները, որոնց քրոմոսոմային լոկուսներում նկարագրվել են քիմիական և ֆիզիկական մուտագեններով մակածված խաթարումներ։ Առաջին անգամ մարդու լիմֆոցիտների մետաֆազային քրոմոսոմներում բացահայտվել են հակաքաղցկեղային դեղանյութ դոքսոռուբիցինով մակածված միտոքոնդրիումային ԴՆԹ-ի ինսերցիաները, ինչպես նաև դրանց կապը քրոմոսոմային վնասվածքների մակարդակի հետ։ Բացահայտվել է նաև AREAL էլեկտրոնների արագացուցչի ճառագայթմամբ մակածված թելոմերային հատվածների կարճացումը մարդու լեյկոցիտներում և արյան քաղցկեղի բջջային գծում։
Հայաստանում առաջին անգամ ներդրվել է գենոմի խմբագրման CRISPR-Cas9 մեթոդը, որի միջոցով ԵՊՀ գենետիկայի և բջջաբանության ամբիոնում նոքաութի է ենթարկվել H1 հիստոնի գենը մարդու նորմալ և քաղցկեղային բջիջներում։ Դրա շնորհիվ զգալիորեն բարձրացել է բջիջների զգայունությունը հակաքաղցկեղային դեղանյութերի՝ դոքսոռուբիցինի և միտոմիցին C-ի նկատմամբ։ Այս մոտեցումը թույլ է տալիս կիրառել դոքսոռուբիցինի և միտոմիցին C-ի ցածր կոնցենտրացիաներ՝ ապահովելով դրանց բարձր գենաթունային էֆեկտը։
Այսպիսով` ուսումնասիրված գենաթունաբանական կենսամարկերները նոր հնարավորություններ են տալիս քիմիական և ֆիզիկական գործոնների մուտագեն էֆեկտների մեխանիզմները գնահատելու համար։ Իսկ CRISPR-Cas9 մեթոդով նորմալ և քաղցկեղային բջիջների գենոմների խմբագրումը թույլ է տալիս փոփոխել բջիջների զգայնությունը հակաքաղցկեղային դեղամիջոցների նկատմամբ։