Ս․թ․ ապրիլի 19-ին Կենսաբանության ֆակուլտետում Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ անցկացվեց սեմինար-քննարկում՝ «Որոշ դեղաբույսերի հակասնկային ակտիվության գնահատում պոտենցիալ պաթոգեն սնկերի նկատմամբ» թեմայով։
Դեղաբույսերը կենսաբանական ակտիվ նյութերի կարևորագույն, իսկ երբեմն նաև միակ աղբյուրն են: Շուկայում առկա պատրաստուկները սնկերի նկատմամբ ունեն ցածր արդյունավետություն, քանի որ այդ սնկերի շտամները ժամանակի ընթացքում տվյալ պատրաստուկի նկատմամբ ձեռք են բերում կայունություն: Այդ պատճառով էլ արդիական է դառնում բուսական ծագմամբ թույլ տոքսիկությամբ արդյունավետ միջոցների ստացումը, որոնք օրգանիզմի վրա կունենան համակարգային ազդեցություն:
Վերջին տարիներին մեծ հետաքրքրություն են առաջացնում օշինդրի (Artemisia L.) տարբեր տեսակներից ստացված եթերայուղերի և թուրմերի ուսումնասիրությունները, որոնք ունեն հակաբակտերիալ, հակավիրուսային, հակաբորբոքային, հակասնկային հատկություններ, ինչն օգտագործվում է նոր դեղամիջոցների մշակման համար: Հայաստանում թարխուն (Artemisia dracunculus L.) բույսի լայն կիրառումը և նրա կենսաբանական բարձր ակտիվությունը հաշվի առնելով էլ հիմնավորվել է թարխունի թուրմի և եթերայուղի հակասնկային ակտիվությունն ուսումնասիրելու նպատակահարմարությունը:
Կատարված ուսումնասիրության արդյունքները կարող են օգտագործվել որպես հակասնկային բարձր ակտիվություն ունեցող հումք կենսաբանական ակտիվ հավելումների ստացման համար: