- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Գենոմային անկայունության և մոլեկուլային մուտագենեզի խումբ
Գենոմային անկայունության և մոլեկուլային մուտագենեզի խումբ
Խմբի գլխավոր նպատակն է ուսումնասիրել շրջակա միջավայրի քիմիական, ֆիզիկական և կենսաբանական գենաթունային գործոններով մակածված էֆեկտներն ու մշակել դրանց նոր մոլեկուլային կենսամարկերներ՝ in vitro և in vivo: Այդ նպատակով կիրառվում են ինչպես դասական գենաթունաբանության (օրինակ՝ ԴՆԹ-կոմետ մեթոդ, միկրոկորիզային թեստ), այնպես էլ մոլեկուլային բջջագենետիկայի (ֆլյուորեսցենտ in situ հիբրիդիզացիա` FISH, pod-FISH, Q-FISH) և մոլեկուլային գենետիկայի մեթոդներ (ՊՇՌ, իժՊՇՌ, սեքվենավորում)։ Նաև կիրառվում է գենոմի խմբագրման CRISPR-Cas9 մեթոդը։
Որպես գենոմի անկայունության կենսամարկերներ ուսումնասիրվում են ԴՆԹ-ի և քրոմոսոմների վնասվածքների մակարդակները, ԴՆԹ-ի օքսիդացած հիմքերի քանակը, թելոմերների չափի փոփոխությունները, քրոմոսոմներում մտԴՆԹ-ի ներկառուցումները, արտաբջջային կորիզային և միտոքոնդրիումային ԴՆԹ-ի մակարդակները և ԴՆԹ-ի ռեպարացիայի ու բջջային ցիկլի կարգավորմանը մասնակցող տարբեր գեների մուտացիաները։ Կիրառվում են մարդու առողջ և քաղցկեղային բջջային կուլտուրաներ (գլխավորապես 2D) ու տարբեր հիվանդներից ստացված կենսաբանական նմուշներ կամ բջիջներ։
Լաբորատորիան հագեցած է բջջային կուլտուրաների հետ աշխատելու համար նախատեսված լամինար պահարանով ու թերմոստատով, ֆլյուորեսցենտային մանրադիտակներով և պատկերների վերլուծության համակարգերով, ՊՇՌ և իժՊՇՌ ամպլիֆիկատորներով, ցենտրիֆուգներով և անհրաժեշտ այլ սարքերով։
Խումբը համագործակցում է պետական և արտասահմանյան տարբեր գործընկերների հետ։ Խմբի հետազոտական աշխատանքների արդյունքները տպագրվում են միջազգային գրախոսվող հանդեսներում և գրքերում։ Խմբի կողմից կատարվող աշխատանքների հիման վրա պատրսատվում են բակալավրի ավարտական աշխատանքներ, մագիստրոսական թեզեր և ասպիրանտական հետազոտություններ։
Համագործակցություններ
Գիտական խումբը համագործակցում է հետևյալ հաստատությունների հետ.
- Յենայի (Գերմանիա) Ֆրիդրիխ Շիլլերի համալսարանի մարդու գենետիկայի ինստիտուտ,
- Դուբնայի միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտներ (ՌԴ),
- Ռուսաստանի Դաշնային բժշկակենսաբանական գործակալության Ա. Ի. Բուռնազյանի անվան դաշնային բժշկական կենսաֆիզիկայի ինստիտուտ,
- ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ,
- «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ,
- Դավիդյանց լաբորատորիաներ,
- «Ֆերթիլիթի Սենթր» մարդու պտղաբերության կենտրոն:
Աշխատակիցներ
Կոնտակտներ
Խմբի ղեկավար՝
կ․գ․թ․, դոցենտ Տիգրան Հարությունյան
Հեռ.՝ 45-16 (ներքին)
Էլհասցե՝ tigranharutyunyan@ysu.am