ՀԱՐՑ | ՊԱՏԱՍԽԱՆ | |
1 | Որտե՞ղ է գտնվում ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցը։ |
Մինչև 2025 թ․ դպրոցը գործելու է ԵՊՀ մարզահամալիրի մասնաշենքում։ Սկսած 2025 թվականից՝ դպրոցը տեղակայվելու է Կիևյան փողոց 1ա հասցեում՝ ԵՊՀ ուսումնական մասնաշենքում։ |
2 | Ի՞նչ բաժիններ կան դպրոցում։ Հումանիտար բաժիններ կան արդյոք։ | Դպրոցը բնագիտամաթեմատիկական ուղղվածությամբ է։ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը բնագիտամաթեմատիկական առարկաների համար մշակել է «ԵՊՀ դպրոցների ցանց» կրթական հեղինակային ծրագիրը։ Հումանիտար պարտադիր բոլոր առարկաները դասավանդվում են պետական առարկայական օրինակելի ծրագրերին համապատասխան։ Առաջիկայում նախատեսվում է նաև հումանիտար ուղղվածությամբ հեղինակային ծրագրերի մշակում։ |
3 | Ովքե՞ր հնարավորություն ունեն դպրոց ընդունվելու։ |
2023-2024 ուստարվա 10-րդ դասարան ընդունվելու համար հնարավորություն ունեն դիմելու հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ 2022-2023 ուստարվա 9-րդ դասարանի շրջանավարտները։ 2023-2024 ուստարվա 11-րդ դասարան ընդունվելու համար հնարավորություն ունեն դիմելու հանրակրթական ուսումնական հաստատությունների 2022-2023 ուստարվա 10-րդ դասարանն ավարտած աշակերտները։ |
4 | Դպրոցն ի՞նչ արտոնություններ և հնարավորություններ է տալիս։ | Դպրոցը տալիս է որակյալ և մրցունակ կրթություն ստանալու հնարավորություն, ինչպես նաև տալիս է անհրաժեշտ գիտելիք հետագայում ընդունելության քննությունները հանձնելու համար։ |
5 | Դպրոց ընդունվելու համար գիտելիքի ստուգման ի՞նչ մեխանիզմ է գործելու։ | ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցը բաց համակարգ է՝ ընդունելությամբ: Աշակերտների ընդունելության համար գործում է ﬕասնական կարգ։ |
6 | Ովքե՞ր են դասավանդելու դպրոցում (օտարերկրյա մասնագետներ ներգրավված լինելո՞ւ են)։ | Դպրոցի մանկավարժական կազմում հիմնականում ներգրավված են ԵՊՀ դասախոսները, որոնք մեծ մասամբ ունեն նաև աշակերտների հետ աշխատանքի փորձ։ |
7 | Օտարերկրացիները դիմելու հնարավորություն ունե՞ն։ | Օտարերկրյա քաղաքացիները հնարավորություն ունեն դիմելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Անկախ քաղաքացիությունից՝ հայերենի իմացությունը պարտադիր է, քանի որ դպրոցում դասավանդման հիմնական լեզուն հայերենն է։ |
8 | Գնահատման ինչպիսի՞ համակարգ է գործելու։ | Յուրաքանչյուր տարվա ավարտին աշակերտը հանձնում է փոխադրման/ավարտական քննություններ (քննության անցկացման ձևը և տեսակը պայմանավորված է տվյալ առարկայի բնույթից)։ Աշակերտը փոխադրվում է հաջորդ դասարան յուրաքանչյուր քննությունից 50% և ավելի միավոր վաստակելու դեպքում։ |
9 | Ի՞նչ ծանրաբեռնվածություն է ունենալու դասացուցակը (օրական, շաբաթական)։ | Դպրոցում ուսումնական շաբաթը 5-օրյա է, յուրաքանչյուր օր՝ 6-7 ակադեմիական ժամ ծանրաբեռնվածությամբ։ |
10 | Դասապրոցեսը քանի՞ րոպե է տևելու։ | Ակադեմիական մեկ դասաժամը 45 րոպե տևողությամբ է։ |
11 | Դպրոցը հերթափոխո՞վ է գործելու, թե՞ միաժամանակ ընթանալու են և՛ ուսանողների, և՛ աշակերտների դասերը։ | Դպրոցը միահերթ է, հիմնական դասերը սկսվում են 09։30-ին և ավարտվում՝ 15։30-ին։ Դպրոցի դասերը իրականանում են առանձին դասասենյակներում և առանձին դասացուցակով։ |
12 | Աշակերտները տեսական գիտելիքները գործնականում կիրառելու ի՞նչ հնարավորություններ են ունենալու (ֆակուլտետներում, գործընկեր կազմակերպություններում և այլուր)։ | Դպրոցը բոլոր ուղղություններով մշտապես անմիջական կապ է ունենալու ԵՊՀ մյուս ստորաբաժանումների հետ, այդ թվում՝ կազմակերպվող միջոցառումների շրջանակում, եթե դրանք բխում են դպրոցի ծրագրերից։ Աշակերտները հնարավորություն կունենան մասնակցելու նշված բոլոր միջոցառումներին, որոնք դասապրոցեսի մասն են։ |
13 | Դպրոցն ավարտելուց հետո հավաստող ի՞նչ փաստաթուղթ է տրվելու աշակերտներին։ | «ԵՊՀ դպրոցների ցանց» կրթական ծրագրով սովորած աշակերտները ուսուցման ավարտին ստանում են հետևյալ փաստաթղթերը՝ 1. համապատասխան պետական իրավական կարգով նախատեսված պետական նմուշի ավարտական վկայական (ատեստատ), 2. «ԵՊՀ դպրոցների ցանց» կրթական ծրագրի ավարտական վկայական (դիպլոմ)։ |
14 | Դպրոցն ավարտելուց հետո աշակերտները ի՞նչ քննություններ պետք է հանձնեն համալսարան ընդունվելու համար։ | Դպրոցի բոլոր շրջանավարտները բուհական ընդունելության քննություններին մասնակցում են ընդհանուր հիմունքներով։ |
15 | Բացի STEM (գիտություն, տեխնոլոգիա, ինժեներիա, մաթեմատիկա) ուղղվածությունից՝ ԵՊՀ-ն պլանավորո՞ւմ է ստեղծել հումանիտար ուղղվածությամբ դպրոց։ | ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցում մշակելու են նաև հումանիտար ուղղությունների հեղինակային ծրագրեր։ |