Սոցիալական ազդեցությամբ ստարտափ-ինկուբացիոն ծրագիր
ԵՊՀ բիզնես ինկուբատորը, համագործակցելով «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ, նորարարական գաղափարներ ունեցող անձանց ապրիլին հրավիրում էր մասնակցելու սոցիալական ազդեցություն ունեցող ստարտափների ինկուբացիոն նախագծին։ Ծրագիրը կենտրոնանալու էր ՄԱԿ-ի «Կայուն զարգացման ծրագրի» նպատակներին («SDGs») համահունչ ոլորտների՝ մասնավորապես հասանելի կրթություն, շրջակա միջավայրի պաշտպանություն, մարզերի զարգացում և մաքուր ջրի հասանելիություն, հասանելի առողջապահություն, վերականգնվող էներգիա, կայուն տնտեսություն և պատասխանատու սպառում։ Ծրագրին մասնակցելու հնարավորություն ունեին ԵՊՀ-ի և այլ համալսարանների ուսանողներ, երիտասարդ հետազոտողներ, թիմեր և ստարտափներ:
Որպես վերջնարդյունք ձևավորելով նորարարության և սոցիալական պատասխանատվության նոր մշակույթ՝ այս նախագծի շրջանակում նախատեսվում էր աջակցել ստարտափներին և խրախուսել վաղ փուլում եղող սոցիալական ուղղվածության գաղափարները՝ տրամադրելով համապատասխան ռեսուրսներ, մենթորություն և աջակցություն բիզնեսին և սոցիալական ազդեցության զարգացմանը, խթանել ստեղծագործ մտածելակերպը և նորարարական լուծումները, օգնել, որպեսզի ստարտափները դառնան կայուն երկարատև սոցիալական ազդեցություն ունեցող բիզնես, ուժեղացնել գործարար էկոհամակարգում համագործակցությունը։ Նախատեսվում էր կազմակերպել ունակությունների զարգացման դասընթացներ, սեմինարներ, անցկացնել գործարար կապերի հաստատման միջոցառումներ, ստեղծել և զարգացնել ստարտափների միջև համագործակցությունը, հետևել մասնակիցների առաջընթացին և պարբերաբար առաջարկել շտկումներ, օգնություն տրամադրել ստարտափներին իրավական հարցերում, աջակցել «C-Quadrat Ampega Social Fund» և այլ աղբյուրներից ֆինանսավորման դիմելու հարցում։
«Սոցիալական ազդեցություն ունեցող ստարտափ-ինկուբացիա» նախագծին դիմել էին 17 թիմ, ԵՊՀ-ում մայիսին կայացավ այդ թիմերի ստարտափ-գաղափարների ներկայացումը։ Թեմաները շատ բազմազան էին՝ խուլ և համր մարդկանց համար նախատեսված հավելվածներ, դրոնների օգտագործում, ջրանցքների մաքրում և այլն։ Մասնագիտական ժյուրին ընտրեց լավագույն 6 թիմերը, որոնց համար ԵՊՀ բիզնես ինկուբատորը մշակեց սոցուղղվածություն ունեցող ստարտափներին համապատասխան ինկուբացիայի ծրագիր: ԵՊՀ-ի և ոլորտի այլ մասնագետների աջակցությամբ 6 թիմերը մասնակցեցին «Առաջնորդություն և ինովացիա», «Շուկայի վերլուծություններ», «Սոցիալական ձեռներեցություն», «Նախագծերի ներկայացում և ֆոնդերի հայթայթում», «Ֆինանսական պլանավորում և նախագծերի կառավարում» թեմաներով մասնագիտական դասընթացների։ Այդ դասախոսություններն առնչվում էին մարքեթինգին, նախագծերի կառավարմանը, ծրագրերի ղեկավարմանը, սոցիալական ձեռներեցությանը, շուկայի բազմակողմանի վերլուծություններին: Մենթորների խորհրդատվությունից զատ՝ հանդիպումներ են կազմակերպվել «BANA Angels», «Picsart» կազմակերպության ներկայացուցիչների հետ։
Դասընթացների գլխավոր նպատակն էր ինկուբացիայի շրջանակում և մենթորության շնորհիվ ստացված գիտելիքների արդյունքում նոյեմբերին ունենալ պատրաստի թիմեր, որոնք կարող են դիմել «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության «Սոցիալական ներդրումային ֆոնդ»-ին՝ ֆինանսավորում ստանալու։
Նորարարական և գիտահետազոտական գաղափարների մրցույթ
Նորարարական և գիտահետազոտական գաղափարների մրցույթի ծրագիրն իրականացվում է ԵՊՀ բիզնես ինկուբատորի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի և այլ կազմակերպությունների կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի, ինչպես նաև միջազգային առաջատար համալսարանների ու գիտահետազոտական կենտրոնների աջակցությամբ։
Ծրագրի նպատակն է նորարարական կամ գիտահետազոտական գաղափար ունեցող մասնակիցներին հնարավորություն տալ ներկայացնելու իրենց գաղափարները, անցնել ինկուբացիա՝ իրենց գաղափարը զարգացնելու, ներդրումներ ներգրավելու, հետազոտությունը շարունակելու ու արդյունքները առևտրայնացնելու նպատակով։
Ընդունվել են հայտեր հետևյալ ոլորտներից՝
• արհեստական բանականություն և տվյալագիտություն,
• ճարտարագիտություն,
• կիբեռանվտանգություն,
• գիտություն,
• արվեստ և ստեղծարար տեխնոլոգիաներ:
2024-ի հուլիսի 9-ին կայացավ մրցույթի եզրափակիչ փուլը, որի ընթացքում իրենց գաղափարներով հանդես եկան յուրաքանչյուր ոլորտից ընտրության մի քանի շրջափուլ հաղթահարած մեկական մասնակից:
«Լավագույն գաղափար» անվանակարգում հաղթող ճանաչվեց և 1․200․000 ՀՀ դրամ գլխավոր մրցանակին արժանացավ
Հայկ Սարգսյանը «Thermaiscan Chemotherapy Monitoring» գաղափարի համար։
Ոլորտային անվանակարգերում հաղթող ճանաչվեցին և 800․000-ական ՀՀ դրամ մրցանակների արժանացան՝
Արհեստական բանականության և տվյալագիտության ոլորտում «ԱՅԹԻ Արտաշատ» ծրագրավորման կենտրոնը՝ «FreshGuard» գաղափարով,
Ճարտարագիտության ոլորտում Մարինա Դավթյանը՝ «Արհեստական մկաններ» գաղափարով,
Կիբեռանվտանգության ոլորտում Մարիամ Հարությունյանը՝ «Չարամիտ ծրագրերի հայտնաբերում՝ կոդերի կլոնների ու մեքենայական ուսուցման միջոցով» գաղափարով,
Արվեստի և ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում Նորայր Չիլինգարյանը՝ «Իրական լուսանկարչական և կինոժապավենների հատկությունները արձանագրելու և թվանշային կերպով ստացված նյութերին փոխանցելու տեխնոլոգիայի մշակում» գաղափարով,
Գիտության ոլորտում Մանվել Մնացականյանը` «Բակտերիալ ցելյուլոզա» գաղափարով։
Ծրագրին դիմել էր 190 թիմ, ինկուբացիան շարունակելու համար ընտրվեց ընդամենը 10 թիմ։
Բիզնես ինկուբատորը մշակել է հատուկ ինկուբացիայի ծրագիր, որի մեկնարկի մասին կհայտարարվի շուտով:
««Python» փաթեթի կիրառությունները բիզնես-անալիտիկայի խնդիրների համար» թեմայով դասընթաց՝ նախատեսված դասախոսների և հետազոտողների համար
««Python» փաթեթի կիրառությունները բիզնես-անալիտիկայի խնդիրների համար» թեմայով դասընթացը մշակվել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի հետ համատեղ՝ հաշվի առնելով բիզնեսի վերլուծության ոլորտում աշխատաշուկայի ժամանակակից պահանջները։ Դասընթացը՝ նախատեսված դասախոսների և հետազոտողների համար, կարևոր քայլ է մասնակիցների մասնագիտական զարգացման գործում, քանի որ օգնում է նրանց բարելավելու իրենց տվյալների հմտությունները և կիրառելու դրանք՝ գործնականում բիզնես-գաղափարներն ու նպատակները առարկայական դարձնելու համար:
Դասընթացը մշակվել է հաշվի առնելով բիզնեսի վերլուծության ոլորտում աշխատաշուկայի ժամանակակից պահանջները՝ թիրախավորելով դասախոսների ու հետազոտողների լսարանը։ Նմանատիպ դասընթաց իրականացվել է ուսանողների համար ևս: Դասընթացը ներառում էր «Python»-ի հիմնական փաթեթների՝ «Pandas»-ի, «NumPy»-ի և «Matplotlib»-ի ուսուցում, այնպես էլ տվյալների բազայի տեխնիկաներ, տվյալների նախնական մշակում և տվյալների արտացոլում։
Դասընթացը վարում է ԵՊՀ բիզնես ինկուբատորի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Գևորգյանը։ Դասընթացը լինելու է շարունակական։ Մասնակից դասախոսներն ու հետազոտողները, որոնք ներկայացնում էին տարբեր ֆակուլտետներ, նշեցին, որ այսօր «Python» փաթեթի իմացությունը թույլ է տալիս հեշտությամբ աշխատել կուտակված տվյալների հետ։ Նրանք հույս ունեն մասնակցելու հաջորդ փուլերին, քանի որ դասընթացի ընթացքում լուծված բոլոր կիրառական խնդիրները կօգտագործվեն իրենց դասընթացների և հետազոտությունների ընթացքում։
Տվյալ դասընթացների գլխավոր նպատակն է ներգրավել մասնակիցների, որոնք հետագայում ունեն հավակնություններ դառնալու Բիզնես ինկուբատորի շահառուներ։
Բիզնես-ինկուբացիա՝ սոցիալական ուղղվածությամբ ստարտափների համար
ԵՊՀ բիզնես ինկուբատորի նախաձեռնությամբ՝ ընտրված 6 թիմերի համար անցկացվեցին «Առաջնորդություն և ինովացիա», «Շուկայի վերլուծություններ», «Սոցիալական ձեռներեցություն» թեմաներով դասախոսություններ՝ ԵՊՀ և այլ մասնագետների մասնակցությամբ: Դասախոսությունների թեմաներն առնչվում էին սոցիալական ուղղվածությամբ ստարտափ-գաղափարներ կրող մասնակիցների նախագծերի կառավարմանը, ծրագրերի ղեկավարմանը, սոցիալական ձեռներեցությանը, շուկայի բազմակողմանի վերլուծություններին և այլն: Դասընթացների գլխավոր նպատակն էր ինկուբացիայի շրջանակում սկսնակ կազմակերպություններին աջակցել գաղափարի մակարդակից ֆինանսավորման պատրաստ մակարդակի հասնելուն: Սկսնակ ստարտափներին վերաբերող բազում հարցերի պատասխաններ թիմերի մասնակիցները փնտրեցին և գտան ԵՊՀ բիզնես ինկուբատորի նախաձեռնած «Առաջնորդություն և ինովացիա», «Շուկայի վերլուծություններ», «Սոցիալական ձեռներեցություն» թեմաներով դասախոսությունների շրջանակներում։
Ազդարարելով դասընթացների մեկնարկը՝ ԵՊՀ բիզնես ինկուբատորի տնօրեն Ռուբեն Գևորգյանը շեշտեց. «Նման ծրագրի իրականացումը չափազանց կարևոր փորձառություն է: Այսօր ակադեմիական միջավայրում շատ են հետաքրքիր գաղափարները, և մենք փորձում ենք ստեղծել մի օղակ, որը հնարավորություն կտա հենց համալսարանի ներսում գեներացնելու ու զարգացնելու այդ բիզնես-գաղափարները»:
ԵՊՀ բիզնես ինկուբատորի տնօրենը ծրագրի մասնակիցներին ներկայացրեց այն դասախոսներին, որոնք իրականացնելու են «Առաջնորդություն և ինովացիաներ» (Նունե Սահակյան), «Շուկայի վերլուծություն» (Աննա Մկրտչյան), «Սոցիալական ձեռներեցություն» (Գոհար Մկոյան), «Նախագծերի ներկայացում և ֆոնդհայթայթում» (Լիլիթ Գուրօղլյան), «Ֆինանսական պլանավորում և նախագծերի կառավարում» (Արթուր Փոքրիկյան) դասընթացները:
«Python» փաթեթի օգտագործումը բիզնեսի վերլուծության խնդիրների լուծման համար
Ուսանողների համար նախատեսված դասընթացը իրականացվել է ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի, ինչպես նաև Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, ԵՊՀ բիզնես ինկուբատորի հետ համատեղ:
Դասընթացը գրավել էր բազմաթիվ մասնակիցների տարբեր ոլորտներից, քանի որ «Python»-ը ժամանակակից աշխարհում դարձել է տվյալների հետ աշխատելու և վերլուծության անբաժանելի գործիք:
Դասընթացը մշակվել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի շրջանակում՝ հաշվի առնելով բիզնեսի վերլուծության ոլորտում աշխատաշուկայի ներկայիս պահանջներն ու կարիքները։ Այն ներառում էր «Python»-ի հիմնական փաթեթների ուսուցում, ինչպիսիք են «Pandas»-ը, «NumPy»-ը, «Matplotlib»-ը, ինչպես նաև տվյալների բազայի տեխնիկան, տվյալների նախնական մշակումը և տվյալների արտացոլումը։
Դասընթացի մասնակիցները վերապատրաստման էին եկել հմտությունների տարբեր մակարդակներով և տվյալների գիտության տարբեր փորձառություններով, բայց նրանք բոլորն էլ ընդհանուր նպատակ ունեին` ծանոթանալ «Python» ծրագրի մի շարք գործիքների, որոնք կիրառվում են բիզնեսի վերլուծության համար, ինչպես նաև յուրացնել որոշ բազային գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են «Python» ծրագիրն առաջին անգամ օգտագործելու ժամանակ։ Դասընթացն ամբողջովին հիմնված էր կիրառական օրինակների վրա, որոնք կատարվեցին համակարգչային լսարանում. գործնական սեմինարների ժամանակ մասնակիցները լուծեցին իրական բիզնես-խնդիրներ՝ օգտագործելով ստացած գիտելիքները և «Python»-ի գործիքները՝ բացահայտելով դրա օգտակարությունն ու արդյունավետությունը:
«Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ ««Python»-ի օգտագործումը բիզնեսի վերլուծության խնդիրներ լուծելու համար» դասընթացը կարևոր քայլ էր ուսանողների մասնագիտական զարգացման գործում՝ օգնելով նրանց բարելավելու իրենց տվյալների վերլուծության հմտությունները և կիրառելու դրանք գործնականում բիզնես-նպատակներին հասնելու համար»-նշեց դասընթացվար Ռուբեն Գևորգյանը:
Սոցիալական ազդեցությամբ ստարտափ ինկուբացիոն ծրագրի ամփոփում
Ավարտվեց «Սոցիալական ազդեցությամբ ստարտափ ինկուբացիոն ծրագրի» ընտրված մասնակիցների համար նախատեված ինկուբացիան՝ դասընթացների, մենթորների հետ խորհրդատվությունների շրջանը, որոնց ընթացքում մասնակիցները անմիջապես կիրառական գիտելիքներ, դիտողություններ և նկատառումներ ստացան իրենց ստարտափների զարգացման վերաբերյալ։
Ս.թ. նոյեմբերի 11-ին «ISTC» հետազոտական կենտրոնում կայացան վեց մասնակիցների ամփոփիչ ներկայացումները։
Ժյուրիի կազմում էին ներկայացուցիչներ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ից, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից, «BANA ANGELS» ընկերությունից, «ISTC» հիմնադրամից, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոսներից։
Մասնակիցներն էին.
Լևոն Եղիյան («Հայկական ժեստերի լեզվի բառարան» հավելված)
Աշոտ Մաթևոսյան («Արևային վահանակների շահագործումը ջրանցքների կիրառմամբ»)
Սուրեն Էդիլյան («DronePort»)
Լիանա Խաչատրյան («LEDon»)
Ամալյա Հարությունյան («Հավասար» հավելված)
Սիմոն Ավետիսյան («InSign AI»):
Լսելով մասնակիցների ներկայացումները՝ ժյուրին որոշեց՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի «Սոցիալական ներդրումային ֆոնդ»-ին դիմելու հնարավորություն կստանա Ամալյա Հարությունյանը իր «Հավասար» ստարտափ-նախագիծ հավելվածով:
«Հավասար»-ը կրթական հավելված է, որտեղ թվայնացվում և տեղ են գտնում դպրոցական դասագրքերի դասերը աուդիո և վիդեո տարբերակներով՝ նախատեսված հայազգի բոլոր դպրոցահասակ՝ այդ թվում տեսողության, լսողության և մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար: Դասերի ձևաչափերն ընտրված են հնարավորինս մատչելի նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար. դրանք ներառում են ժեստերի լեզվի թարգմանությամբ տեսադասեր՝ լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար, աուդիոդասեր՝ տեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար և անիմացիոն պարզեցված տեսադասեր՝ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար։
«Հավասար» հավելվածը նախագծված է հնարավորինս հետաքրքրաշարժ և մատչելի: Այն ստեղծում է կրթական հավասար պայմաններ բոլոր երեխաների համար։