ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնը (SSԿՀ) հիմնադրվել է 2007 թ․։ Այն միջմասնագիտական նոր համակցումների հանգույց է, որտեղ կատարվում են ինֆորմատիկայի և ՏՏ ոլորտի հետազոտություններ։ Կենտրոնի գործունեության նպատակն է օժանդակել ուսումնական գործընթացի էլեկտրոնային կառավարմանն ու որակի ապահովմանը, ինչպես նաև ստեղծել աշխատանքի հեռանկարներ շրջանավարտների համար։
ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնում գործում է ուսուցման երկաստիճան համակարգ՝ մագիստրոսական և ասպիրանտական։
Կենտրոնում գործող «Տեղեկատվական համակարգերի կառավարում» մագիստրոսական ծրագիրը համապատասխանեցված է Նյու Յորքի համալսարանի ՏՏ կառավարման ոլորտում նույն կրթական ծրագրին:
«Վիզուալ հաշվարկ» մագիստրոսական ծրագիրը ստեղծվել է 2010 թ․ Ռոստոկի համալսարանի հետ համատեղ (Գերմանիա): Այն ընդգրկում է համակարգչային գրաֆիկան, պատկերների մշակումը և համակարգչային տեսողությունը՝ կիրառելով ժամանակակից մոդելավորման և մեքենայական ուսուցման մեթոդները: Ուսուցման լեզուն անգլերենն է: Ծրագրի շրջանակում առաջին երեք կիսամյակների ուսուցումը իրականացվում է Երևանում հիբրիդային ձևով․ դասախոսությունների երկու երրորդը անցկացվում է լսարանում առցանց, մնացած մասը՝ լսարանում դասախոսի ներկայությամբ։ Վերջին կիսամյակը և մագիստրոսական թեզի պաշտպանությունն անցկացվում են Ռոստոկում, ընդ որում՝ տրանսպորտային ու կացության ծախսերը հոգում է ուսանողը։ Ծրագրին դիմելու հետ կապված մանրամասն տեղեկությունների համար դիմել ՏՏԿՀ կենտրոն։
«Տեղեկատվական համակարգերի մշակում» մագիստրոսական ծրագիրը բազմամյա կրթական ծրագիր է՝ հարմարեցված ոլորտի ժամանակակից պահանջներին:
SSԿՀ կենտրոնում կատարված հետազոտությունների արդյունքները տպագրվել են ինֆորմատիկայի և ՏՏ ոլորտի՝ բարձր ազդեցության գործակից ունեցող պարբերականներում և միջազգային գիտաժողովների ժողովածուներում, ինչպես նաև ներկայացվել են արտասահմանյան գիտաժողովների ժամանակ։
Նշանակալի դեր ունեն ԱՄՆ 10-ից ավելի արտոնագրերը, որոնց համահեղինակ են կենտրոնի ուսանողներն ու ասպիրանտները:
ԵՊՀ ուսումնական գործընթացի կառավարման էլեկտրոնային համակարգերն ամբողջությամբ մշակել են կենտրոնի տեղեկատվական համակարգերի բաժինը և նոր կրթական տեխնոլոգիաների լաբորատորիան: Այդ համակարգերը հաջողությամբ կիրառվել են 2019 թ. աննախադեպ համավարակի պայմաններում:
SSԿՀ կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ առաջատար ընկերությունների լավագույն մասնագետների հետ, անցկացվում են օտարերկրյա պրոֆեսորների և առաջատար հետազոտողների վարպետության դասեր՝ նպատակ ունենալով զարգացնելու ուսանողների մասնագիտական հմտությունները:
Կենտրոնի ուսանողներն ու շրջանավարտներն աշխատում են ՏՏ ոլորտի արտասահմանյան և հայաստանյան առաջատար ընկերություններում, որոնց թվում՝ «Apple», «Google», «Amazon», «Meta», «Microsoft», «Intel», «Samsung», «Synopsys», «Siemens EDA», «PicsArt», «Armsoft», «Krisp», «Cisco», «Volo», «Xilinx» և այլն:
Փոխանակման ծրագրերի շրջանակում կենտրոնն օտարերկրյա ուսանողներին առաջարկում է կրթական ծրագրերի ուսուցում՝ անգլերենով և ռուսերենով, ինչպես նաև կենտրոնի ուսանողները հնարավորություն ունեն կրթություն ստանալու արտերկրի հեղինակավոր համալսարաններում։