ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնը ԵՊՀ ուսուցման գործընթացի կառավարման e-learning հարթակում ներդրել է կրթական գործիքներ համակարգչային գիտության և ճարտարագիտության ոլորտներում տեխնոլոգիական առարկաների ուսուցման համար։ Նշված կրթական գործիքները հատկապես կիրառելի են այն դասընթացների համար, որոնք ուսուցման գործընթացում օգտագործում են ծրագրավորման առաջադրանքներ և թեստեր:
Կրթական նոր գործիքների ներդրման համար հիմք են հանդիսացել այն խնդիրները, որոնք առկա են ուսուցման գործընթացում։ Համակարգչային գիտության և ճարտարագիտության ոլորտներում տեխնոլոգիական առարկաների ուսուցման դասընթացների ծրագրավորման առաջադրանքները և թեստերը առանձնահատուկ դժվարություններ են առաջացնում ինչպես ուսանողների, այնպես էլ դասավանդողների համար, ինչը պահանջում է ծավալուն աշխատանք և հաճախակի մոնիթորինգ: Հաճախ, քանի դեռ աշխատանքը չի գնահատել դասավանդողը, ուսանողները չգիտեն՝ կոդը ճիշտ է, թե ոչ։ Մյուս կողմից՝ հանձնարարությունների միայն գնահատման գործողության եղանակը չի ապահովում ուսանողներին սովորելու իրենց սխալներից, որոնք հանձնարարության կատարման ընթացքում կորցնում են ուսումնական ներուժի (ժամանակի) զգալի մասը: Ավելին՝ գնահատումը կարող է զգալի ժամանակ և ջանք պահանջել դասավանդողից՝ ելնելով ուսանողների թվից, պահանջվող քանակից և դրանց բարդությունից:
ԵՊՀ ՏՏԿՀ կենտրոնը առաջարկում է թվային տեխնոլոգիաների կիրառմամբ լուծել կամ մեղմացնել մի շարք մարտահրավերներ` ուսուցման գործընթացը դարձնելով ավելի դինամիկ, ստեղծագործական և հարմարեցված ժամանակակից պահանջներին:
ՏՏԿՀ կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ավագյանն ընդգծեց կրթական նոր գործիքների ներդրման հետևյալ առավելությունները.
Արտադրողականության տեսանկյունից առցանց գործիքները ապահովում են ավտոմատացված արագ գնահատում, իսկ դեմ առ դեմ ուսուցումը ավելի անհատականացված մոտեցում է, բայց ավելի դանդաղ և սահմանափակ ուսանող-դասախոս հաղորդակցությամբ։
Վստահելիության առումով առցանց գործիքները ապահովում են ստանդարտացված և օբյեկտիվ գնահատում, իսկ դեմ առ դեմ ուսուցման դեպքում կախված է դասախոսների ինտուիցիայից և օբյեկտիվությունից։
Սոցիալական ներգրավվածության առումով խրախուսում է ուսանողների միջև համագործակցությունը, իսկ դեմ առ դեմ ուսուցման դեպքում ավելի անմիջական է փոխազդեցությունն ուսանողների և դասախոսների միջև։
Թարմացման և վերլուծական հետադարձ կարծիքի տեսանկյունից առցանց գործիքները ավելի արագ են տրամադրում, իսկ դեմ առ դեմի դեպքում դասախոսը կարող է ավելի խորը մեկնաբանություններ տրամադրել, բայց դա ավելի շատ ժամանակ է պահանջում։
Հիբրիդ ուսուցման դեպքում արդյունավետության տեսանկյունից թվային գործիքների կիրառումը նվազեցնում է գնահատման և ուսուցման ժամանակը, ինչն օգնում է արագացնելու ուսուցման գործընթացը։
Ճկունություն: Ուսանողները կարող են աշխատել և ստանալ կարծիք hետադարձ կապի միջոցով ցանկացած վայրից՝ անկախ ժամանակից։
Ավտոմատացում: Բարձրացնում է ուսուցման օբյեկտիվությունը և նվազեցնում է դասախոսների աշխատանքի ծանրաբեռնվածությունը։
Անհատականացված մոտեցում: AI ինտեգրումը կարող է տրամադրել ավելի անհատականացված hետադարձ կապ (կարծիք-ֆիդբեք)՝ օգտատերերի կարիքներին համապատասխան։
Հիբրիդ ուսուցման ժամանակ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ դասախոսների հետ հաճախակի հաղորդակցումը ապահովում է որակյալ հետադարձ կապ և երաշխավորված միջոց ուսանողի առաջընթացին հետևելու և մոտիվացիան պահպանելու համար:
Առցանց ուսուցման մեխանիկական և քարացած բնույթը չեզոքացնելու համար առաջարկում ենք ապահովել ուսուցման պրոցեսի փոփոխականություն ինտերակտիվ հետադարձ կապի մոդելով՝ դասախոսի և այլ ուսանողների միջև ուղղակի ավելացնելով ուսանողների ներգրավվածությունը: Օրինակ, Moodle LMS-ի Workshop, CodeRunner և VPL գործիքների միջոցով ուսանողներին կարելի է առաջարկել իրենց կարիքներին համապատասխանող առաջադրանքներ՝ հարստացնելով ուսումնական նյութերը և ավելացնելով ուսանողների ներգրավվածությունը մասնագիտական խնդիրների լուծման մեջ: Այս մոտեցումը ոչ միայն բարելավում է ուսումնական արդյունքները, այլև խթանում է ուսանողների ինքնավստահությունը:
Հիբրիդ ուսուցման մոդելում առաջարկում ենք ինտերակտիվ ուսուցում իրականացնել Moodle LMS-ի Workshop և Quiz գործիքների կիրառմամբ, որոնք տրամադրում են կառուցվածքային հետադարձ կապ՝ գնահատելով և մանրամասն բացատրելով սխալները: Դասախոսը, վերլուծելով ուսանողների վարքը, գնահատականները և տրամադրելով առաջարկներ, կարող է կիրառել անհատականացված ուսուցում՝ խուսափելով քարացած ուսուցման մեթոդներից:
Առաջարկվող փոխադարձ գնահատման մոդելը դասավանդման ընթացքը դարձնում է ավելի ինտերակտիվ և խրախուսում է ուսանողների քննադատական մտածողությունը։ Այն հնարավորություն է տալիս ուսանողներին գնահատելու միմյանց աշխատանքներն այն դեպքում, երբ դեմ առ դեմ ուսուցման պարագայում այս գործընթացն ավելի սահմանափակ է ժամանակի և մարդկային ռեսուրսների պատճառով։ Workshop-ի կիրառումը օգտակար է ուսանողների համար նախագծային աշխատանքների նախնական ներկայացումները մինչև վերջնական ներկայացումը գնահատման տեսակներով։ Այն թույլ է տալիս ուսանողներին ներկայացնել իրենց աշխատանքները և ստանալ կարծիք իրենց համակուրսեցիներից։ Գործընթացը կարող է ներառել տարբեր տեսակի աշխատանքներ և կարող է տեղի ունենալ դասախոսի ստանդարտ գնահատումից առաջ, զուգահեռ կամ անկախ: Ուսանողներին դատողություններ անելիս աջակցելու համար դասախոսը ստեղծում է ձևաթղթեր, դասակարգումներ կամ նշագրման ուղեցույցներ: Ուսանողները գնահատման արդյունքում ստանում են ինչպես համակուրսեցիների կարծիքներ, այնպես էլ թվային գնահատականներ: Դասավանդողները գնահատում են ինչպես ուսանողների աշխատանքները, այնպես էլ դասընկերների գնահատականները և կշռադատում նրանց դատողությունները հասակակիցների հետ հարաբերություններում: Անհրաժեշտության դեպքում գործընկերների ներկայացումները և գնահատումները կարող են անանուն մնալ:
Հիբրիդ ուսուցումը կարող է կտրուկ բարելավել թվային գործիքների կիրառումը, որը համատեղում է ֆիզիկական և առցանց ուսուցման առավելությունները։ Մասնավորապես Moodle LMS-ի Workshop, CodeRunner և VPL գործիքների կիրառումը կարող է արմատապես փոխել դասավանդման և ուսուցման կազմակերպման ձևը՝ թույլ տալով ապահովել ավելի ճկուն, արդյունավետ և անհատականացված մոտեցում, համեմատած ավանդական դեմ առ դեմ ուսուցման հետ՝ ուսումնական գործընթացը դարձնելով հետաքրքիր ու արժեքավոր ուսանողների համար:
Առաջարկված միջոցները ծրագրավորման առաջադրանքները կառավարելը, ծրագրերի խմբագրումը, կատարումը և գնահատումը ինտեգրում են ուսուցման գործընթացում: Moodle-ում ինտեգրացված վիրտուալ ծրագրավորման լաբորատորիան (VPL) և CodeRunner-ը թույլ են տալիս խմբագրել, ինտերակտիվ միջերեսի կիրառմամբ գործարկել ծրագրեր, վերանայել ծրագրերը և թեստեր անցկացնել: Օժանդակում է հայտնաբերել ֆայլերի միջև նմանությունը (արտագրությունները) և խուսափել արտաքին տեքստի տեղադրումից: Ուսանողները կարող են գրել կոդ, որը համակարգը ավտոմատ ստուգում է՝ հիմնվելով սահմանված թեստային դեպքերի վրա։ Ավելի ընդհանուր այն կարող է լուծել ցանկացած հարց, որի պատասխանը տեքստ է, որը կարող է գնահատվել համակարգչային ծրագրի կողմից, որը գրված է հարցի հեղինակի կողմից: Այն տրամադրում է ավտոմատացված գնահատում՝ հատկապես ծրագրավորման ոլորտում թույլ տալով ուսանողներին անմիջապես ստանալ արդյունքները՝ հիմնված որոշակի թեստերի վրա։ Դեմ առ դեմ ուսուցման դեպքում նմանատիպ խնդիրների գնահատման գործընթացը սովորաբար ավելի ժամանակատար է, քանի որ դասախոսը ստիպված է ձեռքով ստուգել յուրաքանչյուր ուսանողի աշխատանքը։
Այս հատկանիշները հեշտացնում են ուսուցման գործընթացը ուսանողների համար, իսկ առաջադրանքների գնահատումը և վերլուծությունը՝ դասախոսների համար։
Այս լուծումները նվազեցնում են ուսուցման մեխանիկականությունը, խթանում են ուսանողների մոտիվացիան, ապահովում բարձր որակ և արդյունավետ հետադարձ կապ, ինչը օգնում է կրթական գործընթացը դարձնելու դինամիկ, հարմարեցված և արդյունավետ հիբրիդ ուսուցման պայմաններում։ Այս գործիքները արդյունավետ ձևով կիրառվում են ՏՏԿՀ կենտրոնի ընթացիկ քննությունների շրջանակում։
Իսկ 2024/25 ուստարվա առաջին կիսամյակի ընթացիկ քննություններն ավտոմատ թեստավորման եղանակով անցկացրին նաև Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, Մաթեմատիկայի և մեխանիկայի, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետները։
ՏՏԿՀ կենտրոնի Տեղեկատվական համակարգերի ամբիոնի դասախոս Աննա Մալխասյանը, ամփոփելով «Ամպային հաշվարկներ» դասընթացի ընթացիկ քննությունը, արտահայտեց իր կարծիքը. «Համակարգը շատ հարուստ ու ճկուն է, ունի հարցաշարի սահմանման համար ընտրության լայն տեսականի, հայերեն լավ բացատրություններով»։
Նույն կենտրոնի մագիստրատուրայի ուսանողուհի Սանդուխտ Հակոբյանը նշեց. «Ես ոգևորված եմ թեստային քննությունների նոր համակարգով, որը ներդրվում է մեր համալսարանում: Այս մոտեցումն առաջարկում է ավելի արդյունավետ և պարզեցված միջոց՝ գնահատելու մեր գիտելիքները՝ դարձնելով քննություններն ավելի քիչ սթրեսային և ավելի կենտրոնացած ուսման վրա: Վստահ եմ, որ այն ուսանողներին կտրամադրի ավելի արդար և հետևողական գնահատման գործընթաց: Շատ ուրախ եմ, որ մեր համալսարանը նմանօրինակ առաջադեմ քայլեր է անում ուսանողների համար»:
Այսպիսով՝ կրթական գործընթացի կառավարման հարթակում նոր գործիքների կիրառումը զգալիորեն բարելավում է ուսուցման գործընթացի կազմակերպումը՝ ապահովելով ավելի ճկուն և հարմարավետ միջավայր, հատկապես մեծ թվով ուսանողներ ունեցող լսարաններում, որտեղ դեմ առ դեմ ուսուցումը հաճախ դանդաղ և սահմանափակ կարող է լինել։