Երևանի պետական համալսարանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Ամերիկյան հետազոտություններ» (American Studies) դրամաշնորհային ծրագրի շրջանակում հայտարարում է ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի հետազոտողների մրցույթ։
Մրցույթի նպատակն է՝
- համախմբել ամերիկագիտության կամ հարակից բնագավառների գիտահետազոտական ներուժը,
- ձևավորել և զարգացնել համապատասխան գիտական միջավայր և խթանել ամերիկագիտության ոլորտում գիտահետազոտական աշխատանքների կատարումը։
Մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն ամերիկագիտության կամ հարակից ակադեմիական գիտակարգերի բնագավառում գիտահետազոտական հետաքրքրություններ և փորձ ունեցող հետազոտողները։
Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջներն են՝
1. առնվազն հինգ տարվա գիտահետազոտական փորձառություն ամերիկագիտության կամ հարակից բնագավառներում,
2. գիտական աստիճանի առկայություն,
3. միջազգային ակադեմիական հետազոտական փորձառություն, որը կդիտվի որպես առավելություն:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
1. ինքնակենսագրական` ներառյալ գիտական հրապարակումները (CV),
2. գիտական հետաքրքրությունների շրջանակի (Statement of Interests) նկարագրություն՝ առավելագույնը 1500 բառի սահմաններում,
3. ամերիկագիտության կամ հարակից ակադեմիական գիտակարգերի բնագավառին առնչվող գիտական մեկ հոդվածի (համապատասխան տեքստային հատվածի) օրինակ,
4. հետազոտական առաջարկ (Research Proposal)` 3-5 էջի սահմանում` առաջարկված թեմաներից որևէ մեկի շրջանակում։
Մրցույթը հաղթահարած դիմորդների հետ կկնքվի պայմանագիր` վեց ամիս ժամկետով (լրացուցիչ երկարաձգման հնարավորությամբ):
Մրցույթի արդյունքում ընտրված հետազոտողների ակնկալվող աշխատանքային արդյունքը՝ մեկական գիտական հոդվածի հրապարակում միջազգային գրախոսվող պարբերականում և ՀՀ ԲՈԿ-ի կողմից ճանաչված գիտական հանդեսում: Բացի դրանից՝ հետազոտողներն իրենց պայմանագրերի գործողության ժամկետում Ամերիկյան հետազոտությունների կենտրոնում կանցկացնեն սեմինարների շարք՝ ներկայացնելով իրենց հետազոտական աշխատանքի արդյունքները:
Հետազոտական հիմնական (թեմատիկ) ուղղություններն են՝
- լոբբիզմը և ԱՄՆ միջազգային տնտեսական շահերը. Սփյուռքի դերը և ազդեցությունը (Lobbying and international business/economic interests of the U.S.: the role of Diaspora),
- ԱՄՆ ռազմավարությունները տարածաշրջանային կայունության ապահովման գործում. Հարավային Կովկաս (The U.S. strategies in promoting and sustaining the regional stability: the case of the South Caucasus),
- ուժային հավասարակշռության փոխակերպումները հետխորհրդային տարածաշրջանում և ԱՄՆ ներգրավվածությունը. 2020-ական թթ. (Shifting power balance in the Post-Soviet space in the 2020’s and the role of the United States),
- քաղաքացիական խմբերի (ՀԿ-ներ, Սփյուռքի կազմակերպություններ) ազդեցությունը ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա. կապը հետխորհրդային Եվրասիայի հետ (Civic groups (NGOs, Diasporas) and their influence on the U.S. foreign policies: connection to the Eurasian (post-Soviet) region),
- հանրային քաղաքականության իրականացման ժամանակակից փոխակերպումները ԱՄՆ-ում (Policy-making in the United States: contemporary transformations),
- ԱՄՆ-ն և գլոբալ կայունությունը (The United States and Global Sustainability),
- ամերիկյան նորարարությունները լավ կառավարման և քաղաքային զարգացման ասպարեզներում (American Innovations in Good Governance and Urban Development),
- արհեստական բանականության միջավայրը և ԱՄՆ ոլորտային քաղաքականությունը. մարտահրավերներ և միտումներ (Navigating the Artificial Intelligence Landscape: U.S. Polices, Challenges & Emerging Trends),
- մեդիա և ռազմավարական հաղորդակցություն. ԶԼՄ-ի և մեդիայի ազդեցությունը ԱՄՆ արտաքին և ներքին քաղաքականության վրա (Media and strategic communication: influence of mass communication and media on the U.S. foreign and domestic policies),
- արվեստը, ազատության արտահայտումը և սահմանադրության առաջին լրացումը (The Arts, Freedom of Expression, and the First Amendment):
Մրցույթի մասնակիցներն իրենց դիմումները կարող են ներկայացնել ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն կամ էլեկտրոնային տարբերակով ուղարկել նշված էլհասցեներին՝
«Ամերիկյան հետազոտություններ» ծրագրի ղեկավար, պրոֆ․ Ալեքսանդր Մարգարով՝ amarkarov@ysu.am,
«Ամերիկյան հետազոտություններ» ծրագրի համակարգող, ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոցենտ Վահագն Ագլյան՝ aglyan@ysu.am,
Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի էլհասցե՝ americanstudies@ysu.am։