ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի և «Արևահովիտ» կազմակերպության համագործակցության շրջանակում կանցկացվի էսսեների մրցույթ՝ նվիրված ֆակուլտետի 60-ամյակին։ Էսսեների մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն «Փիլիսոփայություն» կրթական ծրագրի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները, ասպիրանտները, ինչպես նաև փիլիսոփայությամբ հետաքրքրվող այլ բնագավառների ուսանողներ:
Մրցույթը նպատակ ունի արժևորելու երիտասարդության շրջանում արդի հայաստանյան իրողությունների փիլիսոփայական իմաստավորման դերը, ինքնությանն առնչվող խնդիրների շուրջ իմաստասիրական խոսույթի զարգացումը, կարևորելու բարոյաարժեքային առկա ճգնաժամի հաղթահարումը և երիտասարդության հոգևոր որոնումների մեջ փիլիսոփայության դերը: Մրցույթի արդյունքները կամփոփվեն, և մրցանակները կհանձնվեն Փիլիսոփայության համաշխարհային օրը՝ ս․թ․ նոյեմբերի 21-ին։
Էսսեների առաջարկվող թեմաներն են.
Դավիթ Անհաղթի փիլիսոփայությունն ու արդիականությունը
Հայաստանի ներկան և ապագան. փիլիսոփայական անդրադարձ
Հայոց ինքնության արդիականացումը փիլիսոփայական տեսանկյունից
Արհեստական բանականության հեռանկարների փիլիսոփայական վերլուծություն
Լավագույն էսսեները կարժանանան մրցանակների.
1-ին հորիզոնական՝ 200 000 ՀՀ դրամ,
2-րդ հորիզոնական՝ 150 000 ՀՀ դրամ,
3-րդ հորիզոնական՝ 100 000 ՀՀ դրամ։
Էսսեներն անհրաժեշտ է կազմել տեխնիկական հետևյալ պահանջներին համապատասխան. ծավալը՝ առավելագույնը 7 էջ, տառատեսակը՝ sylfaen, տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1,5: Հարկավոր է նշել հեղինակի անունը, ազգանունը, ուսումնական հաստատությունը, էլհասցեն և հեռախոսահամարը։
Էսսեներն անհրաժեշտ է ուղարկել silva.petrosyan@ysu.am էլհասցեին մինչև ս․թ․ սեպտեմբերի 30-ը՝ վերնագրի դաշտում նշելով «Էսսեների մրցույթ»։