Ս․թ․ հուլիսի 7-11-ը Երևանի պետական համալսարանում կանցկացվի «Օրենքը և կոնֆլիկտների լուծումը Հարավային Կովկասում» խորագրով ամառային դպրոցը, որը կազմակերպվում է ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի և Գրացի համալսարանի (Ավստրիա) համագործակցությամբ՝ ԵՊՀ և Գրացի համալսարանի ուսանողների համար:
Ամառային դպրոցը կանցկացնեն Գրացի համալսարանի և ԵՊՀ դասախոսները:
Ամառային դպրոցի նպատակն է ավելի լայն համատեքստում բացահայտել եվրոպականացման գործընթացի և խաղաղության կառուցման բազմակողմ հարթություններն ու մարտահրավերները: Դպրոցի շրջանակում անդրադարձ կկատարվի այս գործընթացների ազդեցությանը այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են քաղաքական ինստիտուտները, անվտանգության ռազմավարությունները, բազմազանության կառավարումը և հակամարտությունների լուծումը, աշխարհաքաղաքական կողմնորոշումները, ինչպես նաև սոցիալական և մշակութային պրակտիկաները:
Մասնակիցները կայցելեն Եվրոպական միության դիտորդական առաքելության գրասենյակ, Հայաստանի Սահմանադրական դատարան և այլ կառույցներ:
Հաջողությամբ ավարտելով ամառային դպրոցը՝ մասնակիցները կստանան ԵՊՀ-ի և Գրացի համալսարանի կողմից տրված վկայականներ:
Ամառային դպրոցին մասնակցելու հնարավորություն ունեն Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների, Սոցիոլոգիայի, Պատմության, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների, ինչպես նաև հումանիտար և հասարակագիտական այլ ուղղությունների բակալավրիատի վերջին և մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները:
Անգլերենի իմացությունը պարտադիր է:
Կարճ ցուցակում ընդգրկված մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի: Ընտրված մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից:
Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս․թ․ մայիսի 5-ը ուղարկել ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն կարճ նամակ հետևյալ էլհասցեին՝ cce@ysu.am:
Մանրամասները՝ այստեղ։