Հիմնական տեղեկություններ
«Արմենպրես» լրատվական գործակալությունը հիմնադրվել 1918 թ․ դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի Առաջին Հանրապետության Ազգային խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը: Ներկայում «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: Այն թողարկում է տասնութ լրատվական ժապավեն` պաշտոնական, քաղաքական, տնտեսական, հասարակական, մարզային, տարածաշրջանային, միջազգային, մշակութային, մարզական, հարցազրույցներ, ֆոտո նորություններ և այլն:
«Արմենպրես»-ի թիմը պահպանում է գործակալության առաջատար դերը հայաստանյան լրատվադաշտում և ամուր հիմքեր է ստեղծել տարածաշրջանային և միջազգային լրատվական հարթակներում՝ գործակալության ներկայությունն ապահովելու և զարգացնելու առումով:
Գործակալությունն ակտիվորեն լուսաբանել, հանրահռչակել և միջազգային առաջատար լրատվամիջոցներում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող բոլոր իրադարձությունները, հակահարված է տվել ադրբեջաբնական քարոզչությանը, եղել և մնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, թուրքական մերժողականության բացահայտման առաջատար դիրքերում։
Գործակալությունն ակտրվորեն գործում է սոցիալական գրեթե բոլոր հարթակներում։ Այն ինդեքսավորվում է News google.com և Bing news միջազգային համակարգերի և «Յանդեքս» նորությունների կողմից:
«Արմենպրես»-ը ունի բազմաթիվ բաժանորդներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: «Արմենպրես»-ի բաժանորդների թվում, զանգվածային լրատվության միջոցներից զատ, դեսպանատներն են, միջազգային կազմակերպությունները, բանկերը, վերլուծական կենտրոնները և այլն:
Գործակալությունն օրական հրապարակում է շուրջ 400 լուր հայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն, թուրքերեն և իսպաներեն։
Գործակալության կայքը համապատասխանում է ժամանակակից պահանջներին և հասանելի է թ՛ե համակարգիչների, թե՛ «խելացի» հեռախոսների համար:
Միջազգային համագործակցություն
«Արմենպրես»-ը միջազգային լրատվական 4 կազմակերպությունների անդամ է: Գործակալությունը Հայաստանը ներկայացնում է ԱՊՀ ինֆորմխորհրդում, Սևծովյան տարածաշրջանի ազգային լրատվական գործակալությունների խորհրդում, Հարավարևելյան Եվրոպայի և Բալկանյան պետությունների ազգային լրատվական գործակալությունների խորհրդում (դիտորդ) և Լրատվական գործակալությունների համաշխարհային կոնգրեսում: 2014-2016 թթ. «Արմենպրես»-ը ղեկավարել է Սևծովյան տարածաշրջանի ազգային լրատվական գործակալությունների խորհուրդը, որի և ԱՊՀ ինֆորմխորհրդի 2014 թ. նիստերն անցկացվել են Երևանում:
«Արմենպրես»-ը երկկողմ գործակցության պայմանագրեր ունի աշխարհի ավելի քան 20 առաջատար լրատվական գործակալությունների հետ: Գործընկերների թվում են ՏԱՍՍ-ը, Ռոյթերսը, Սինխուան, ԻՌՆԱՆ, ՄԵՆԱՆ, ԲՏԱ-ն, Ագերպրեսը, ԲԵԼՏԱՆ, Կազինֆորմը, շատ այլ լրատվամիջոցներ, որոնց հետ իրականացվում է տեղեկությունների և լուսանկարների փոխանակում:
Գործակալության աշխատակիցները պարբերաբար մասնակցում են միջազգային տարբեր համաժողովների, լրատվական ցուցահանդեսների և ուսուցման ծրագրերի:
Գործակցություն Արցախի հետ
«Արմենպրես»-ը համակողմանի օժանդակություն է ցուցաբերում Արցախի լրատվական գործակալության՝ «Արցախպրես»-ի կայացմանն ու ամրապնդմանը: «Արցախպրես»-ի հետ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, ինչը ենթադրում է «Արմենպրես»-ի խողովակներով «Արցախպրես»-ի լրատվության միջազգայնացում և Արցախի հանրահռչակում:
Մամուլի կենտրոն
Այսօր «Արմենպրես»-ի մամուլի կենտրոնը Հայաստանի ամենաակտիվ, արդիական և հեղինակավոր ասուլիսային հարթակներից մեկն է: Շաբաթական մամուլի կենտրոնում անցկացվում է շուրջ 4 միջոցառում՝ հանրային լայն ընդգրկմամբ:
Ֆոտոծառայություն
Գործակալությունում ակտիվ աշխատանքներ են տարվում ֆոտոծառայության արդիականության ուղղությամբ: «Արմենպրես»-ի ֆոտոխրոնիկան պետական մարմիններին և գերատեսչություններին ցուցաբերում է համակողմանի օժանդակություն: Ի մասնավորի՝ աջակցում է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ արտերկրում ցուցահանդեսների կազմակերպման և արտերկրի մամուլում հրապարակումների պատրաստման ուղղություններով: Ֆոտոծառայությունն ունի լուսանկարչական հարուստ արխիվ, որը ներկայացնում է Հայաստանի և տարածաշրջանի յուրահատուկ պատմությունը: Ֆոտոարխիվում այժմ պահվում է մոտ 100 հազար լուսանկար:
Միջազգային լրատվական ընդգրկում
«Արմենպրես»-ը միջազգային մամուլում Հայաստանի ամենամեջբերվող լրատվամիջոցն է: «Արմենպրես»-ի լրատվությունից, բացի գործընկերներից, օգտվում են այնպիսի միջազգային «հսկաներ», ինչպիսիք են CNN-ը, UPI-ը, «Սինխուա»-ն, BBC-ն, «ՌԻԱ նովոստի»-ն և այլն:
Կրթական ծրագրեր
«Արմենպրես»-ը 2012 թ. «Ռոյթերս» գործակալության հետ համատեղ իրականացրել է հայաստանյան ֆոտոլրագրողների սեմինար-պարապմունք, որի ընթացքում վերապատրաստվել են մոտ երկու տասնյակ ֆոտոթղթակիցներ:
Ամեն տարի գործակալությունում իր ուսումնական պրակտիկան է անցնում ԵՊՀ, ԵՊԼՀ, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համալսարանի՝ ժուռնալիստիկայի և թարգմանչական գործում մասնագիտացող ավելի քան 30 ուսանող:
Գործունեության այլ ուղղություններ
Բացի տեղեկատվության արտադրությունից և տարածումից՝ գործակալությունը վերջին տարիներին իրականացրել է մի շարք հատուկ նախագծեր, որոնցից մի քանիսը կարելի է համարել առանձնապես հաջողված:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ հրապարակվել են Ցեղասպանությունից ողջ մնացած վերապրողների հուշերը, որոնց հիման վրա «Արմենպրես»-ի հետ համատեղ իտալա-արաբական ԱՍՍԱԴԱԿԱ կենտրոնը հրապարակել է առանձին հատոր Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որը լայն արձագանք է գտել Իտալիայում: Վերապրածների մասին բազմաթիվ սյուժեներ ներկայացվել են իտալական և միջազգային այլ հեռուստաընկերություններով:
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի հետ կապված՝ թվայնացվել և ցուցահանդեսի ու առանձին ալբոմի տեսքով ներկայացվել է «Արմենպրես»-ի պատերազմական պլակատների արխիվը:
Գործակալությունն իրականացրել է բազմաթիվ ցուցահանդեսային ծրագրեր: Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի հետ կապված՝ «Արմենպրես»-ը «Մենք» հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է լուսանկարչական ցուցահանդեսների շարք Երևանում, Փարիզում, Գլենդելում:
Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով տրվեց «Երևանյան բեսթսելեր» նախագծի մեկնարկը, որն արդեն մոտ մեկ տասնամյակ շաբաթական կտրվածքով ամփոփում է Երևանում վաճառվող գրքերի ռեյտինգները, և ամեն տարի՝ Մայրենի լեզվի օրը (փետրվարի 21-ին), կազմակերպվում է «Երևանյան բեսթսելեր» մրցանակաբաշխությունը:
«Արմենպրես»-ն իրականացրել է նաև «Նորամուտ» երիտասարդական նախագիծը, որի համար գործակալությունն արժանացել է «Հայկյան» ամենամյա մրցանակաբաշխության մրցանակին՝ «Տարվա երիտասարդական լրատվական նախագիծ» անվանակարգում:
2017 թ. «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ճանաչվել է տարվա ԶԼՄ Հայկական PR ասոցիացիայի ամենամյա մրցանակաբաշխության արդյունքում։
«Արմենպրես»-ը հիմնադրել է փոդքասթային ծառայություն, որի շրջանակում թեմատիկ տարբեր ուղղություններով անցկացվում են հատուկ նախագծեր:
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ՝ www.armenpress.am։
Ֆեյսբուքյան էջ՝ www.facebook.com/armenpress
Թվիթերյան էջ՝ www.twitter.com/armenpress
Ինստագրամյան էջ՝ www.instagram.com/armenpress/
Տելեգրամ՝ t.me/armenpress