![](/sites/default/files/styles/medium_banner/public/2025-01/1e7e1174d-a686-4ab7-b4c1-b215ab9d6ae6.jpg?h=c271cc3c&itok=gaVqKdsG)
Միջազգային գիտաժողով «QTS-13» (Քվանտային տեսություն և սիմետրիա)
-
Միջազգային գիտաժողով «QTS-13» (Քվանտային տեսություն և սիմետրիա)
-
Ս.թ. հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը կանցկացվի Երևանի պետական համալսարանի հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված քվանտային տեսության և սիմետրիաների վերաբերյալ «QTS-13» XIII միջազգային գիտաժողովը՝ նվիրված Գեորգի Պողոսյանի հիշատակին։ Պրոֆեսոր Պողոսյանը ականավոր տեսական ֆիզիկոս էր և ֆիզիկայում սիմետրիայի մեթոդների ոլորտի առաջատար մասնագետ։ Նրա հետազոտությունները բավականին խոր հետք են թողել մաթեմատիկական ֆիզիկայի ոլորտում և բավականաչափ հղվում են գիտական հանրության կողմից։
Ակադեմիկոս Ա. Սիսակյանի հետ միասին լինելով ԵՊՀ հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի համահիմնադիր, ինչպես նաև այդ կենտրոնի տնօրեն՝ նա առանցքային դեր է խաղացել միջազգային համագործակցությունների խթանման և հիմնարար ֆիզիկայի զարգացման գործում։ Գեորգի Պողոսյանը կազմակերպել է նաև բազմաթիվ միջազգային գիտաժողովներ՝ համախմբելով աշխարհի տարբեր երկրների գիտնկաննրի՝ քվանտային տեսության և սիմետրիաների արդի ձեռքբերումները քննարկելու նպատակով։
Սույն գիտաժողովի նպատակն է արժևորել նրա գիտական ժառանգությունը՝ համախմբելով գործընկերներին, համահեղինակներին և հետազոտողներին, ովքեր աշխատել են նրա հետ կամ ոգեշնչվել նրա աշխատանքից։
«QTS-ն» ավանդական գիտաժողովների շարքերից մեկն է, որն անցկացվում է երկու տարին մեկ անգամ և միավորում է սիմետրիայի թեմաներով զբաղվող ֆիզիկոսներին ու մաթեմատիկոսներին: Այն ներառում է երկրաչափական մեթոդները (դասական և ոչ կոմուտատիվ), խմբերի տեսությունը, Լիի և ոչ գծային հանրահաշիվները և դրանց կիրառման հնարավորությունների շրջանակը ժամանակակից քվանտային ֆիզիկայում։
Առաջին «QTS» գիտաժողովը կայացել է Գոսլարում (Գերմանիա) 1999 թվականին, այնուհետև շարունակվել է Կրակովում (Լեհաստան) 2001 թվականին, Սինսինատում (ԱՄՆ)՝ 2003 թվականին, Վառնայում (Բուլղարիա)՝ 2005 թվականին, Վալյադոլիդում (Իսպանիա)՝ 2007 թվականին, Լեքսինգտոնում (ԱՄՆ)՝ 2009 թվականին, Պրահայում (Չեխիա)՝ 2011 թվականին, Մեխիկոյում (Մեքսիկա)՝ 2013 թվականին, Երևանում (Հայաստան)՝ 2015 թվականին, Վառնայում (Բուլղարիա)՝ 2017 թվականին, Մոնրեալում (Կանադա)՝ 2019 թվականին և Պրահայում (Չեխիա)՝ 2023 թվականին։
«QTS-13» գիտաժողովի նախնական ծրագիրը ներառելու է հետևյալ թեմաները.
Սիմետրիաներ՝ լարի տեսությունում, սուպերգրավիտացիայում, քվանտային գրավիտացիայում
Գեյջի տեսություններ, ոչ կոմուտատիվ և կոնֆորմ դաշտերի տեսություններ
Ինտեգրվող համակարգեր
Քվանտային հաշվարկ, մեքենայական ուսուցում, խճճվածություն
Քվանտային տեսության հիմունքներ
Քվանտային օպտիկա, համակցված վիճակներ, Վիգների ֆունկցիաներ
Դինամիկ համակարգեր
Սիմետրիաներ՝ վիճակագրական ֆիզիկայում
Սիմետրիաներ՝ խտացված միջավայրի ֆիզիկայում
Սիմետրիաներ՝ միջուկային, ատոմային և մոլեկուլային ֆիզիկայում
Սիմետրիաներ քիմիայում, կենսաբանությունում և այլ գիտություններում
Սիմետրիաները դիտարկվում են իրենց ամենալայն իմաստով.
Լիի խմբեր և Լիի հանրահաշիվներ՝ ինչպես վերջավոր, այնպես էլ անվերջ
Սուպերհանրահաշիվներ և սուպերխմբեր
Հանրահաշվական երկրաչափություն և թվերի տեսություն
Քվանտային խմբեր
Ոչ կոմուտատիվ ընդհանրացումներ
Ներկայացման տեսություն
Հարաբերական և ոչ հարաբերական հոլոգրաֆիա
Նեյրոնային ցանցեր, խորքային ուսուցում
Հատուկ ֆունկցիաներ
Գծային և ոչ գծային մասնակի ածանցյալային հավասարումների (ՄԱՀ) սիմետրիաներ
Գիտական ծրագիր. «QTS-13» գիտաժողովի ծրագիրը ներառում է շուրջ 15 հրավիրյալ դասախոսություն (տևողությունը՝ 50 + 10 րոպե), որոնք նախատեսված են հինգ առավոտյան նիստերի ընթացքում։ Մյուս ելույթները (30 և 20 րոպե տևողությամբ) կանցկացվեն կեսօրին։ Պլանավորվում է ոչ ավելի, քան երկու զուգահեռ նստաշրջան։ Պաստառային ներկայացումները կանցկացվեն ամեն օր (բացառությամբ հուլիսի 30-ի (չորեքշաբթի))՝ ճաշի ժամից հետո։ Ծրագրված է վեց աշխատանքային օր՝ սկսած հուլիսի 28-ից (երկուշաբթի)՝ ժամը 10:00-ից, և ավարտվելով շաբաթ՝ օգոստոսի 1-ին՝ կեսօրին։ Ժամանման օրը նախատեսված է հուլիսի 27-ին (կիրակի), իսկ մեկնումը՝ օգոստոսի 2-ին (կիրակի)։
Գիտաժողովը նախատեսվում է անցկացնել հիբրիդային ձևաչափով (առկա և առցանց մասնակցություն)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.
📩 Սուսաննա Գագինյան - susgaginyan@ysu.am
📩 Նելլի Ղարիբյան - qts@ysu.am
📍 ԵՊՀ հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոն (Ֆիզիկայի ինստիտուտ)
ՀՀ, Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1