Մայիսի 27-ին ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Վրաստանի Թբիլիսի քաղաքում: ԵՊՀ-ի և Վիրահայերի միության միջև կնքվեց երկարաժամկետ համագործակցության հուշագիր:
Մայիսի 28-ին մշակույթի կենտրոնը մասնակցեց Սայաթ-Նովային նվիրված վարդերով երթին (դեպի Սայաթ-Նովայի գերեզման) և «Վարդատոն» միջոցառմանը: Միջոցառմանը ելույթ ունեցան Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի աղջիկների պարային համույթը (ղեկավար՝ Անի Հարոյան) և «YSU Band»-ը (ղեկավար՝ Արթուր Հակոբյան):
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, աղջիկների պարային համույթի ղեկավար Անի Հարոյանը և «YSU Band»֊ի ղեկավար Արթուր Հակոբյանը հանդիպում ունեցան նաև Իվանե Ջավախաշվիլու անվան պետական համալսարանի (Վրաստան) պարային համույթի ղեկավար Դավիթ Կիկվաձեի հետ։ Քննարկվեցին հետագա համագործակցության ծրագրերը։
Միջոցառումների շարքն ամփոփելիս Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը և Վիրահայերի միության նախագահ Մարի Առաքելովան ընդգծեցին նման համագորածակցությունների կարևորությունը երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների և հայ մշակույթի զարգացման ու տարածման գործում:
Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը բարձր գնահատեց կենտրոնի մասնակիցների ելույթը՝ ընդգծելով Սայաթ-Նովային ներկայացնելու նոր և ժամանակակից մոտեցումները։ Նա հույս հայտնեց, որ կենտրոնի մասնակցությունը նման միջոցառումներին շարունակական կլինի։