Ս.թ. փետրվարի 19-ին ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում (գ․ Դսեղ) տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված մեծ գրողի 155-ամյակին:
Միջոցառման շրջանակում Թումանյանի մասին դասախոսություն կարդաց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս, բ․գ․թ․ Տաթևիկ Մերջանյանը։ Ելույթ ունեցավ նաև ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի երգչախումբը (խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան, գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյան)․ հնչեցին Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա գրված երգեր, ինչպես նաև գրական կոմպոզիցիա ներկայացրին «Համալսարանական» թատրոն-ստուդիայի (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Դավթյան) սաները:
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը Դսեղ գյուղի դպրոցի տնօրինությանը, թանգարանին և գրադարանին նվիրեց ԵՊՀ հրատարակչության հրատարակած գրքերից, իսկ մասնակիցները գրքեր նվիրեցին ներկաներին: