Ընթացիկ ուստարվա նոյեմբերի 5-ին ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը մի խումբ ուսանողների մասնակցությամբ մշակութային ճանաչողական արշավ կազմակերպեց դեպի Գոշավանք և Հաղարծին։ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի երգչախումբը հոգևոր երգով ելույթ ունեցավ Գոշավանքում, ապա ուղևորվեց Հաղարծնի վանական համալիր:
Ճանաչողական արշավի գլխավոր նպատակն էր ուսանողներին ծանոթացնել Հայաստանի պատմամշակութային վայրերին, որոնք, խիստ ազգային լինելով հանդերձ, նաև համամարդկային մշակույթի անբաժանելի մասն են: Ազգային ու համամարդկային արժեքները յուրացվում են ողջ կյանքի ընթացքում ոչ միայն գիր ու գրականության, նպատակային կրթության միջոցով, այլև նմանատիպ արշավներով, էքսկուրսիաներով: Հայրենաճանաչությունը ուսանողների մեջ ձևավորվում է ամուր արժեհամակարգ նախ սեփական մշակույթի և հայրենիքի հանդեպ: Գիտության և տեխնիկայի, գլոբալիզացիայի դարում մեր կրթական համակարգի գերխնդիրներից է նաև սերունդներին, տեսական, չոր գիտելիքներից զատ, ազգային արժեհամակարգով զինելը: Այս առումով Գոշավանք և Հաղարծին մշակութային ճանաչողական այցը հետաքրքիր էր և արդյունավետ։