Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 156-ամյակի առթիվ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի աշխատակազմն ու սաները փետրվարի 19-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում միացան գրողի ծննդյան և Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառումներին, ներկայացրին գրական-գեղարվեստական ծրագիր, ինչպես նաև գրքեր նվիրեցին ներկաներին։

Թումանյանին նվիրված միջոցառումները թանգարանում բազմաժանր էին։
Մասնակիցները ներկա գտնվեցին «Դու քո ճամփեն գնա, քույրի՜կ... Թումանյանը և կանայք» խորագրով գրական բանավեճին, «Թումանյանի զավակները։ Նվարդ Թումանյան․ նամականի» Բ գրքի շնորհանդեսին։
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի աշխատակիցներ Լիլիթ Սարգսյանը և Սրբուհի Խաչատրյանը, կարևորելով գրական-մշակութային միջոցառումների շուրջ կենտրոնի գործակցությունը Հովհաննես Թումանյանի թանգարանի հետ, ներկայացրին սաներին՝ ընդգծելով նմանօրինակ միջոցառումների նշանակությունը։

Կենտրոնի Երգչախմբի (խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան, գեղարվեստական ղեկավար՝ ՀՀվաստակավոր արտիստ Կարեն Սարգսյան) մենակատար Միլենա Ղանդիլյանը կատարեց Հովհաննես Թումանյանի «Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա» ստեղծագործությունը, իսկ Համալսարանական թատրոն-ստուդիայի սան Յուրա Դալլաքյանը ասմունքեց «Մարոն» պոեմը։
Միջոցառման ավարտին Գիրք նվիրելու օրվա առթիվ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի աշխատակիցները Հովհաննես Թումանյանի թանգարանին նվիրեցին ԵՊՀ հրատարակչության գրքերից։
Օրվա խորհրդին հավատարիմ՝ կենտրոնի «ՆԻԿԵ» կամավորական խմբի ուսանողները ևս գրքեր նվիրեցին ներկաներին։
Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի կողմից գրքեր նվեր ստացան նաև «ՆԻԿԵ» կամավորական խմբի ուսանողները։

Իր հերթին Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնին նվիրեց «Թումանյանի զավակները։ Նվարդ Թումանյան․ նամականի» Բ գրքից՝ շնորհակալություն հայտնելով ԵՊՀ-ին, կենտրոնի կազմին և ուսանողներին, հավաստիացնելով նաև, որ նմանօրինակ միջոցառումները կլինեն շարունակական։
Ամենայն հայոց բանաստեղծի ստեղծագործություններն այսօր էլ արդիական են և մեծ նշանակություն ունեն ազգային ու համամարդկային արժեքներ ձևավորելու, ամրապնդելու գործում։ Մեծ բանաստեղծին նվիրված միջոցառումները, բացի գրական-գեղարվեստական նշանակությունից, նաև յուրահատուկ դաս էին թումանյանասեր ուսանողների և, առհասարակ, ներկաների համար։