Դասագրքաստեղծում. նոր հնարավորություններ և մարտահրավերներ․ հանդիպում մայրենիի և գրականության դասագրքերի հեղինակների հետ
Ս․թ․ ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի 503 ընթերցասրահում տեղի կունենա «Դասագրքաստեղծում. նոր հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով հանդիպում մայրենիի և գրականության դասագրքերի հեղինակների հետ։
Հանդիպման շրջանակում ելույթով հանդես կգան մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Մայրենի 5,6» և «Գրականություն 8» դասագրքերի համահեղինակ, հանրակրթության հայոց լեզվի և գրականության առարկայական չափորոշչի և ծրագրերի վերանայման փորձագիտական խմբի ղեկավար, Շիրակացու ճեմարանի գիտամեթոդական կենտրոնի ղեկավար Թամար Ալեքսանյանը և գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 8-րդ և 10- րդ դասարանների «Հայ գրականություն» դասագրքերի համահեղինակ, ԵՊՀ հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոնի վարիչ Ալբերտ Մակարյանը։
Քննարկումը կծավալվի հետևյալ հարցերի շուրջ․
Մեթոդաբանական ի՞նչ նոր մոտեցումներ ու սկզբունքներ են կիրառվել դասագրքերում՝ աշակերտների շրջանում բանավոր և գրավոր խոսքի զարգացման և կատարելագործման համար:
Որո՞նք են նոր դասագրքերի բովանդակային նորամուծությունները քննադատող, մտածող, ստեղծարար, մոտիվացված աշակերտ ունենալու հարցում:
Երկչափ կրթությունից անցում է կատարվել եռաչափ կրթության, և սահմանվել են ընթերցանություն, ստեղծարարություն, ինքնություն հիմնական հասկացությունները: Ի՞նչ ազդեցություն է ունեցել այս փոփոխությունը դասագրքերի բովանդակության վրա:
Սովորողների նախասիրությունները, սոցիալական մեդիան և նոր տեխնոլոգիաներն ի՞նչ ազդեցություն ունեն մայրենիի և գրականության ուսուցման, մասնավորապես դասագրքերի բովանդակության վրա:
Դասագրքերի նոր ձևաչափ, գունային և այլ լուծումներ (8-րդ դասարանի դասագրքի օրինակով):
Ո՞րն է դպրոցում գրականության դասավանդման գլխավոր առաջնահերթությունը (գեղագիտական, դաստիարակչական, սոցիալական թե՞ այլ):
Ինչպե՞ս է որոշվում այս կամ այն հեղինակին դասագրքում «ներառելու» հարցը: