«Մարդու իրավունքները ճգնաժամում. պատերազմ, հակամարտություն և տեղահանում» խորագրով միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում
Ս.թ. ապրիլի 17-18-ը ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի, «Մարդու իրավունքների գլոբալ կամպուսի» («Global Campus of Human Rights»), Մաաստրիխտի համալսարանի և «Right Livelihood»-ի համագործակցությամբ կանցկացվի միջազգային գիտաժողով՝ նվիրված պատերազմների, զինված հակամարտությունների և հարկադիր տեղահանության պայմաններում մարդու իրավունքների պաշտպանությանը։
Գիտաժողովը տեղի կունենա.
ապրիլի 17-ին՝ ժամը 11:00-15:00-ն, «Անի Գրանդ Հոթել» հյուրանոցի «Պանորամիկ» սրահում,
ապրիլի 18-ին՝ ժամը 10:30-14:30-ը, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում:
Գիտաժողովի երկօրյա քննարկումները կկազմակերպվեն հետևյալ առանցքային ուղղություններով․
Չճանաչված պետություններում մարդու իրավունքների վիճակի համեմատական վերլուծություն,
Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների իրավական կարգավիճակ, սոցիալ-տնտեսական իրավունքներ և պետական արձագանքներ,
Երեխաների մասնակցություն՝ որպես տեղահանման հետևանքների ապրումի վկայություն,
Քաղաքական համակարգերի կայունությունը հիբրիդային պատերազմների համատեքստում,
Համագործակցություն և աջակցություն քաղաքացիական հասարակության ու պետական կառույցների միջև։
Ամփոփում՝
արդյունքների ամփոփում, նորարար առաջարկությունների մշակման գործընթացի նախաձեռնում և քաղաքականության վրա ազդեցության գնահատում։
Այս նախաձեռնությունը իրականացվում է նաև Մաաստրիխտի համալսարանի «Երեխա-պատերազմ» («Child-War») նախագծի համատեքստում:
Գիտաժողովի բանախոսներից է Ռաջի Սուրանին («Right Livelihood» 2013թ. դափնեկիր, Պաղեստինի մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիր): Տեսաուղերձով հանդես կգա «Right Livelihood» 2022թ․ դափնեկիր Օլեքսանդրա Մատվիյչուկը (Ուկրաինա)։ Ելույթ կունենան փորձագետներ Մաաստրիխտի համալսարանից, ԵՊՀ-ից, ՄԱԿ ՓԳՀ-ից, Կարմիր խաչի միջազգային կոմիտեից (ԿԽՄԿ), մի շարք այլ պետական կառույցներից և ՀԿ-ներից։