Երևանի պետական համալսարանի մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը հիմնադրվել է 2017 թ. հուլիսի 19-ին։ Կենտրոնում գործում է մանկավարժության ամբիոնը, որը ԵՊՀ հնագույն ամբիոններից է։ Այն հիմնադրվել է 1921 թ. հոկտեմբերի 10-ին ժամանակի տաղանդավոր գիտնական-մանկավարժների նախաձեռնությամբ և ջանքերով: Մանկավարժության ամբիոնի կայացման ու գիտամանկավարժական աշխատանքների կազմակերպման և զարգացման գործում ծանրակշիռ ներդրում են ունեցել ճանաչված գիտնական-մանկավարժներ, որոնց թվում՝ ամբիոնի հիմնադիր վարիչ, պրոֆեսոր Գուրգեն Էդիլյանը։
Կենտրոնում գործում է ուսուցման եռաստիճան համակարգ՝ բակալավրիատական, մագիստրոսական և ասպիրանտական։
Բացի իր առաջարկած կրթական ծրագրերից՝ կենտրոնը ԵՊՀ մի քանի ֆակուլտետում գործարկում է մանկավարժի որակավորման շնորհման նոր համակարգ, որը բուհում ներդրվել է 2016-2017 ուստարում։ Մանկավարժի որակավորման լրացուցիչ կրթաբլոկի ներդրման արդյունքում ուսանողները, բացի մասնագիտական որակավորումից, ստանում են նաև մանկավարժի որակավորում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված՝ մանկավարժի որակավորման շնորհման «240+30» կրեդիտ նոր համակարգով։
Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմն այսօր էլ շարունակում է պահել ու զարգացնել երախտավոր նախորդների ստեղծած արժեքները։ Կենտրոնում աշխատում են ոլորտի առաջատար մասնագետներ, դոկտորներ, պրոֆեսորներ, գիտությունների թեկնածուներ, դոցենտներ, որոնք բազմաթիվ մենագրությունների, դպրոցական դասագրքերի, ուսուցչի մեթոդական և բուհական ձեռնարկների, գիտական հոդվածների հեղինակ են։
Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում գործում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդ (խորհուրդը գործում է 2012 թվականից)։
2019 թվականից կենտրոնը հրատարակում է «Կրթությունը 21-րդ դարում» գիտամեթոդական միջազգային հանդեսը, որն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի համար ընդունելի հանդեսների ցանկում։ 2022 թ․ այն գրանցվել է «OJS» միջազգային համակարգում։
Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը համագործակցում է Անգլիայի, Նիդեռլանդների, Ավստրիայի, Լեհաստանի, Չեխիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Վրաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների գիտակրթական կենտրոնների հետ։
2014 թվականից կենտրոնը Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի (EERA) անդամ է:
Փոխանակման ծրագրերի շրջանակում կենտրոնի ուսանողները հնարավորություն ունեն կրթություն ստանալու արտերկրի հեղինակավոր համալսարաններում։ Նրանք, ինչպես նաև մանկավարժական լրացուցիչ կրթաբլոկի դասընթացներին մասնակցող ուսանողները անցնում են մանկավարժական պրակտիկա, ինչը հնարավորություն է տալիս տեսական գիտելիքները ուսուցման գործընթացում կիրառելու։
Կենտրոնի շրջանավարտները կարող են աշխատել ոչ միայն ուսուցչի, այլև սոցիալական մանկավարժի, մանկավարժ-հոգեբանի, կրթության կազմակերպիչի, մեթոդիստի և հանրակրթական ուսումնական հաստատություններում պահանջվող այլ հաստիքներում։
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնն ունի բարձր վարկանիշ, քայլում է ժամանակին համընթաց և իր մեծ ներդրումը կատարում Հայաստանում որակյալ կադրերի պատրաստման և մանկավարժական գիտության զարգացման գործում։