ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում հյուրընկալվեց ԱՄՆ Ջորջիայի համալսարանի մանկ․ գիտ․ թեկնածու, պրոֆեսոր Եփրեմ Մեհրանյանը։
Հրավիրյալ բանախոսին ողջունեց կենտրոնի տնօրեն, մանկ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը։
Եփրեմ Մեհրանյանը Մանկավարժության ամբոիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմին և «Սոցիալական մանկավարժություն» բակալավրի կրթական ծրագրի ուսանողներին ներկայացրեց «Հետազոտական աշխատանքը և նրան ներկայացվող պահանջները» թեմայով դասախոսություն։
Պրոֆեսոր Մեհրանյանը դասախոսության ընթացքում լսարանի հետ ինտերակտիվ մեթոդներով քննարկեց հետազոտություններ անցկացնելու կարևորության հարցը։ Նա ներկաներին ծանոթացրեց այսօր աշխարհում կատարվող հետազոտությունների տիպերին, տարանջատեց փիլիսոփայական-գաղափարային մոտեցումների արդյունքում հետազոտության անցկացման գործիքակազմի տարբերություններն ու մոտեցումները։
Հանդիպման շրջանակում անցկացվեց ակտիվ հարցուպատասխան։
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանն արժևորեց այսօրինակ հանդիպումների անցկացումը կենտրոնի դասախոսների և ուսանողների համար։ Նա հույս հայտնեց, որ նման հանդիպումները կլինեն շարունակական, իսկ Եփրեմ Մեհրանյանի հետ համագործակցությունը՝ առավել արդյունավետ։