Ընթացիկ ուստարվա առաջին կիսամյակի ավարտին տեղի ունեցավ Օպտիկների միջազգային կազմակերպությունների՝ «Optica»-ի և «SPIE»-ի՝ ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտին կից ուսանողական միացյալ մասնաճյուղի՝ «YSO»-ի («YSO Student Chapter») 2024 թվականի տարեկան ամփոփիչ հաշվետվության ներկայացումը: Նիստը նախագահում էր Ֆիզիկայի ինստիտուտի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող և «YSO»-ի նախկին նախագահ Գոռ Չալյանը:
Միջոցառումը մեկնարկեց ԵՊՀ ռեկտոր Հ. Հովհաննիսյանի ելույթով: Շեշտելով ուսանողական նախաձեռնությունների կարևորությունը համալսարանական կյանքում՝ նա առանձնահատուկ կարևորեց «Ֆիզիկան և մենք» ամենամյա ճամբարի կազմակերպումը, որով ավարտական դասարանների և ցածր կուրսերի ուսանողները ներգրավվում են ինժեներական ծրագրերում։ Ռեկտորն անդրադարձավ կրթության և գիտության զարգացման գործում ուսանողական կազմակերպությունների, առհասարակ ուսանողական գործունեության՝ որպես գիտության և կրթության զարգացման անփոխարինելի բաղադրիչի կարևոր դերին․ «Նման միջոցառումները մեծ նշանակություն ունեն ուսանողների անձնական և մասնագիտական աճի տեսանկյունից, քանի որ դրանք հնարավորություն են տալիս գործնականում կիրառելու իրենց գիտելիքները, բարելավելու թիմային աշխատանքը և զարգացնելու սոցիալական հմտություններ»:
Հաջորդիվ ներկայացվեց կազմակերպության անցած տարիների գործունեությունը. ելույթ ունեցան «YSO» ուսանողական կազմակերպության նախագահ Շանթ Սարգսյանը և փոխնախագահ Էդվարդ Գրիգորյանը, ովքեր խոսեցին իրականացված տարբեր միջազգային գիտական, մշակութային, սոցիալական միջոցառումների և նախաձեռնությունների, մասնավորապես սպեկտրոմետրի և 2D լազերային տպիչի ստեղծման մասին: Այս ամենը նպաստել է ինչպես ուսանողների ներգրավմանը համալսարանական կյանքում, այնպես էլ գիտության հանդեպ հետաքրքրասիրության բարձրացմանը: Հատկանշական է տարբեր թեմաներով՝ գրավիտացիոն ոսպնյակներից մինչև օպտիկական ռեզերվուարային հաշվարկների մասին գիտահանրամատչելի հոդվածների ստեղծումը` ուսանողների միջոցով հայալեզու բովանդակությունը զարգացնելու նպատակով: Հոդվածների ստեղծման ընթացքում տեղի են ունենում տարաբնույթ հանդիպում-քննարկումներ, վեբինարներ։ Ուսանողները պարբերաբար հանդիպումներ են ունենում աշխարհի հայտնի գիտական տարբեր կազմակերպությունների մասնագետների հետ, որոնց թվում են «NASA»-ն, «IBM»-ը և այլն։ Զեկուցողները նշեցին՝ «YSO»-ի շարունակական աշխատանքը հետայսու էլ կօգնի խորացնելու և ամրապնդելու ուսանող-համալսարան կապը, կնպաստի ուսանողների սոցիալական ակտիվության բարձրացմանը և ստեղծագործական մտածելակերպի զարգացմանը;
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ուսանողական միջավայրի զարգացմանն ուղղված համագործակցությունների, կրթական ծրագրերի և միջոցառումների նոր գաղափարներ, որոնք նախատեսվում են իրականացնել հաջորդ տարում: