Կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի ընդունելության պահանջները
Երևանի պետական համալսարանի «Կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա» կրթական ծրագիր ընդունվելու համար դիմորդները հանձնում են քննություններ «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա» առարկաներից:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել մասնագետներ, որոնք ունակ են աշխատելու կիսահաղորդչային էլեկտրոնային սարքերի հետ, նախագծելու տարատեսակ ինտեգրալ սխեմաներ և տեղյակ են ժամանակակից ինտեգրալ սխեմատեխնիկայի հիմնահարցերին: Ուսման ընթացքում ուսանողները ծանոթանում են կիսահաղորդչային նյութագիտության, նանոտեխնոլոգիայի և նանոէլեկտրոնիկայի հիմնախնդիրներին, ստանում են հիմնարար և կիրառական նշանակություն ունեցող գիտելիքներ կոմպոզիտ և նանոկոմպոզիտ նյութերի վերաբերյալ, նանոչափային համակարգերի առանձնահատկությունների, չափային քվանտացման էության, չափային քվանտացված համակարգերի և դրանց հնարավոր կիրառության բնագավառների մասին:
Մրցակցային առավելությունները
Կրթական ծրագրի բարեհաջող ավարտին ուսանողներն ունակ կլինեն.
- ներկայացնելու կիսահաղորդչային սարքերում ընթացող ֆիզիկական պրոցեսները, էլեկտրոնիկայում դրանց օգտագործման հնարավորությունները և հեռանկարները,
- ձևակերպելու կիսահաղորդչի վրա կիրառվող արտաքին ազդեցությունների մեխանիզմները, բացատրելու կիսահաղորդչային սարքերի աշխատանքը, մեկնաբանելու կիսահաղորդիչ նյութերի և սարքերի պատրաստման տեխնոլոգիական առանձնահատկությունները, ներկայացնելու միկրոէլեկտրոնիկայի զարգացման ներկա վիճակն ու նշելու զարգացման հեռանկարները,
- մեկնաբանելու միկրոէլեկտրոնային տարատեսակ ինտեգրալ սխեմաների ֆունկցիոնալ հնարավորություններն ու աշխատանքի սկզբունքը,
- ներկայացնելու կոմպոզիտային և բազմաբաղադրիչ կիսահաղորդչային նյութերի ֆիզիկական հատկությունները, առանձնահատկությունները և կիրառական նշանակությունը:
Կարիերայի հնարավորությունները
Շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատելու ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում, ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, «National Instruments»-ում և ՀՀ ՏՏ ոլորտի ձեռնարկություններում և այդ ոլորտի արտասահմանյան ձեռնարկությունների մասնաճյուղերում: