Ռադիոֆիզիկա
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Ընդունելությունը կատարվում է՝ համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելության կարգի» պահանջների։
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել ռադիոֆիզիկայի բնագավառում արդի գիտության նվաճումները յուրացրած որակյալ կադրեր՝ ունակ ըմբռնելու դրանց զարգացման հեռանկարները, տալ իմացություն միկրոալիքային և ՏՀց տիրույթում ֆիզիկական խնդիրների համակարգչային մոդելավորման և նախագծման սկզբունքների և դրանց առանձնահատկությունների վերաբերյալ։
Առավելությունները
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի.
- տարբերակելու և համակարգելու ԳԲՀ տիրույթի հիմնական հաճախային տիրույթները, ստանդարտները և դրանց նշանակությունը,
- ձևակերպելու ենթամիլիմետրային, տերահերցային և օպտիկական տիրույթներում էլեկտրամագնիսական ալիքների գեներացման, տարածման և դետեկտման առանձնահատկությունները, հիմնախնդիրները,
- բացատրելու տարբեր նյութերի կողմից ռադիոալիքների կլանման և ճառագայթման մեխանիզմները և առանձնահատկությունները, ռադիոտիրույթի աղբյուրների (գեներատորներ, ճառագայթիչ անտենաներ, ռեզոնատորներ և այլն) և ընդունիչների (դիոդներ, ընդունիչ անտենաներ, ալիքատարներ և այլն) գործողության սկզբունքները, տարբեր ալիքի երկարության մազերների և ֆոտոընդունիչների աշխատանքի սկզբունքը և առանձնահատկությունները,
- ներկայացնելու կապի ժամանակակից համակարգերում օգտագործվող և նախատեսվող պրոտոկոլները և ալգորիթմները,
- դասակարգելու ինֆորմացիայի մշակման և հաղորդման տեսական հիմունքները, կոդավորման և մոդուլման եղանակները,
- աշխատելու ռադիոհաճախային տիրույթում հեռազննումն ու հեռակառավարումն իրականացնող սարքերի հետ՝ գիտենալով դրանց գործողության սկզբունքները,
- կիրառելու գիտության և տեխնիկայի տարբեր բնագավառներում էլեկտրամագնիսական ալիքների տերահերցային տիրույթում գործող սարքերը՝ գիտանալով դրանց աշխատանքն ապահովող ֆիզիկական սկզբունքները,
- աշխատելու գիտության, արտադրության, անվտանգության ու ռազմական ոլորտներում կիրառվող ժամանակակից ռադիոֆիզիկական սարքերի հետ,
- գործարկելու ռադիոֆիզիկական խնդիրների համակարգչային նմանակման ժամանակակից համակարգչային ծրագրերը,
- կիրառելու համակարգչային մոդելավորման և նմանակման ծրագրային փաթեթները ԳԲՀ տիրույթի սարքերի արդիական հանգույցների (ալիքատարներ, ռեզոնատորներ, ֆիլտրեր և այլն) նախագծման և պահանջվող պարամետրերի ապահովման հարցերում,
- իրականացնելու նախագծային սարքերում փոխհամաձայնության և համատեղելիության գնահատում,
- օգտագործելու էլեկտրամագնիսական ալիքների տարածման առանձնահատկությունները ռադիո տիրույթում, բարելավելու ռադիոընդունիչների, ճառագայթիչների հիմնական պարամետրերը հեռազննման և հեռակառավարման համակարգերի առանձին հանգույցներում,
- օգտվելով ինֆորմացիայի ժամանակակից աղբյուրներից (տպագիր և առցանց գրականություն)՝ դասակարգելու և վերլուծելու տեղեկատվություն՝ գործնական խնդիրներ ձևակերպելու և գործնական լուծումներ առաջարկելու համար,
- վերլուծելու և ներկայացնելու գիտական հետազոտությունների արդյունքները, պատրաստելու զեկուցումներ և վարելու գիտական սեմինարներ,
- հաջողությամբ ինտեգրվելու և աշխատելու գիտահետազոտական խմբերում, ինչպես նաև ղեկավարելու գիտաարտադրական միավորումները,
- ուղղորդվելու մասնագիտական էթիկայի կանոններով:
Կարիերայի հնարավորությունները
Շրջանավարտները հնարավորություն ունեն կրթությունը շարունակելու ինչպես ինստիտուտի ասպիրանտուրայում, այնպես էլ այլ բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների ասպիրանտուրաներում։
Հնարավոր աշխատավայրերն են ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի, ֆիզիկական հետազոտությունների, Երևանի ֆիզիկայի ինստիտուտները, «Նեյշնլ Ինսթրումենթս» ՓԲԸ-ի հայկական մասնաճյուղը, «ՅԵԱ ինջինիրինգ» ՓԲԸ և այլն։