ԵՊՀ մարզադահլիճում, որտեղ ստեղծված են լավագույն պայմանները սպորտային ժայռամագլցման համար, անցկացվեց ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերի՝ ժայռամագլցման առաջնության խմբային պայքարը, որտեղ ԵՊՀ թիմը գրավեց առաջին, իսկ անհատական պայքարում՝ և՛ առաջին, և՛ երկրորդ հորիզոնականները:
Միջբուհական մրցույթի անհատական առաջնության՝ աղջիկների պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրեց ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Ադրինե Արշակյանը, երկրորդ հորիզոնականում էր ԵՊՀ նույն ֆակուլտետի ուսանող Անահիտ Համբարձումյանը, իսկ երրորդ հորիզոնականում՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանող Լիանա Սիմոնյանը:
ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերի շրջանակում կայացած ժայռամագլցման՝ տղաների առաջնությանը առաջին հորիզոնականում էր ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Մհեր Օհաննեսյանը, երկրորդ հորիզոնականում՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Շանթ Սարգսյանը, իսկ երրորդ հորիզոնականում՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանող Ջիվան Բարեյանը:
Օլիմպիական սպորտաձևում ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերի շրջանակում հաղթանակ տարած ուսանողները Երևանի պետական համալսարանի «Ապառաժ» լեռնագնացության ակումբի անդամ են: Ակումբը մշտապես լավագույնների շարքում է և հաջողություններ է գրանցում:
Նշենք, որ ժայռամագլցման առաջնությանը մասնակցում էին Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի, Հայաստանի եվրոպական համալսարանի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի՝ ժայռամագլցման թիմերի ուսանողները:
Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մաղթում շարունակական հաջողություններ: