Երեխաների առաջնորդության թիմի անդամների համար ս․թ․ ապրիլի 4-5-ը Ծաղկաձորում կայացավ «Կարողությունների զարգացման աշխատաժողով»։ Աշխատաժողովը միավորեց Հայաստանի տարբեր համայնքներից 20 երեխաների, որոնք հետաքրքրված են հասարակական ակտիվությամբ, առաջնորդությամբ և հետազոտական գործունեությամբ։

Աշխատաժողովի հիմնական նպատակն էր զարգացնել երեխաների հետազոտական հմտությունները և ծրագրերի կառավարման ունակությունները, խթանել նրանց ներգրավվածությունն ու մասնակցությունը երեխաների կողմից ղեկավարվող նախաձեռնություններում։
Աշխատաժողովի ընթացքում երեխաները հնարավորություն ունեցան լսելու դասախոսություններ, ինչպես նաև կատարեցին գործնական աշխատանքներ։ Քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են «Հետազոտության հիմնական հասկացությունները՝ հարցադրումների ձևակերպում, նպատակների սահմանում, մեթոդների ընտրություն», «Հետազոտական գաղափարների մշակման և քննարկման փուլեր», «Ծրագրերի պլանավորում, իրականացում և գնահատում՝ երեխաների մասնակցության ապահովմամբ», «Երեխաների առաջնորդության թիմի կառուցվածքի ձևավորում»։

Աշխատաժողովն ուղեկցվեց թիմային աշխատանքներով, գործնական վարժանքներով և ստեղծագործական մոտեցումներով, որոնք թույլ տվեցին երեխաներին ամրապնդել նոր ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները։ Աշխատաժողովի դասընթացավարներն էին Արուսյակ Ալեքսանյանը, Մարիամ Մուրադյանը և Արման Մինասյանը։
Նախաձեռնությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում երեխաների կարծիքի կարևորությանը և առաջնորդության կարողությունների ձևավորմանը։ Մասնակիցները հանդես եկան ոչ միայն որպես սովորողներ, այլ նաև որպես ակտիվ մասնակիցներ՝ առաջարկելով իրենց տեսլականը այն մասին, թե ինչպես կարող են իրենց համայնքներում նախաձեռնել և ղեկավարել սոցիալապես կարևոր ծրագրեր։
Աշխատաժողովը եզրափակվեց երեխաների առաջարկություններով և հետագա ծրագրերի ներկայացմամբ՝ ուղղված երեխաների առաջնորդության թիմի գործունեության ակտիվացմանը և ծրագրային նախաձեռնությունների զարգացմանը։
Մասնակիցների բարձր ներգրավվածությունը և ակտիվ մասնակցությունը վկայեցին, որ կարողությունների զարգացման նմանօրինակ հարթակները մեծ ազդեցություն ունեներեխաների կրթական, սոցիալական և քաղաքացիական աճի վրա։