Բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժնի հենքի վրա 1991 թ․ կազմավորվել է Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, որը 2019 թ․ վերանվանվել է Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ:
Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետն այսօր ծավալում է ուսումնամեթոդական և գիտական բազմաբևեռ գործունեություն՝ ապահովելով գործնական անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, իսպաներենի և իտալերենի՝ որպես հիմնական և երկրորդ մասնագիտական լեզուների ուսուցում։ Կրթական ծրագրերի շրջանակում ֆակուլտետում դասավանդվում են բանասիրության տարբեր գիտակարգերին, լեզվամշակութաբանական իրողություններին, ինչպես նաև երկրագիտությանն առնչվող առարկաներ, պատրաստվում են միջմշակութային հաղորդակցության, թարգմանական գործի, երկու օտար լեզուների հավասարաչափ տիրապետող մասնագետներ:
Ֆակուլտետում գործում է առկա և հեռակա (վերջինս՝ սկսած 2007 թվականից) ուսուցման եռաստիճան համակարգ՝ բակալավրիատական, մագիստրոսական և ասպիրանտական:
Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում դասախոսում են առաջատար մասնագետներ, որոնց թվում՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսորներ, գիտությունների դոկտորներ և թեկնածուներ, դոցենտներ։ Ֆակուլտետի դասախոսները՝ որպես հրավիրյալ մասնագետներ, դասախոսություններ են կարդում արտերկրի համալսարաններում, վերապատրաստումներ են անցնում միջազգային հեղինակավոր ուսումնական և գիտական հաստատություններում, ինչպես նաև ներգրավված են միջազգային հետազոտական ծրագրերում ու խմբերում։
Ֆակուլտետն ունի միջազգային և տեղական համագործակցության լայն շրջանակ․ ակտիվորեն համագործակցում է Կրակովի Յագելոնյան համալսարանի (Լեհաստան), Բորիս Գրինչենկոյի անվան համալսարանի (Ուկրաինա), Վենետիկի Կա Ֆոսկարի, Բերգամոյի, Պերուջայի օտարերկրացիների համար և Բոլոնիայի համալսարանների (Իտալիա), Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի, Խարկովի Վ. Ն. Կարազինի անվան ազգային համալսարանի, Մոնտենեգրոյի համալսարանի, Գրանադայի, Վալենսիայի, Մադրիդի, Կադիսի, Կոմպլուտենսե, Ալմերիայի, Լա Ռիոխայրի համալսարանների (Իսպանիա), Լյուքսեմբուրգի համալսարանի, Քոբլենցի և Հալլեի համալսարանների (Գերմանիա), Լիլի, Պոլ Վալերի, Մոնպելիեի 3 և Էքս Մարսելի համալսարանների (Ֆրանսիա) հետ:
Միջազգային գործընկերներից զատ՝ ֆակուլտետն ունի նաև տեղական գործընկերներ, որոնց թվում են Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը, Հայ-ռուսական համալսարանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը, Շիրակի պետական համալսարանը, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղը։
Ֆակուլտետում ուսանողական առօրյան ավելի հետաքրքիր է դառնում ուսանողական կառույցների ակտիվ գործունեության շնորհիվ։ Բացի դրանից, ֆակուլտետի ուսանողները փոխանակման ծրագրերի շրջանակում հնարավորություն ունեն կրթություն ստանալու արտերկրի հեղինակավոր համալսարաններում։
Բակալավրիատի ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու մանկավարժական կրթաբլոկի դասընթացներին (վճարովի հիմունքով) և ստանալու մանկավարժի որակավորում։
Հաշվի առնելով այն, որ օտար լեզուներով հաղորդակցությունը նշանակալի դեր ունի ժամանակակից աշխարհում՝ ֆակուլտետում կարևորվում է ոչ միայն լեզվական գիտելիքների ուսուցանումը, այլև հաղորդակցական հմտությունների զարգացումը: Անգլերենից բացի՝ մասնագիտական այլ լեզվի (իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն) հավասարաչափ տիրապետումը ֆակուլտետի շրջանավարտներին հնարավորություն է տալիս տեսական գիտելիքները հաջողությամբ կիրառելու գործնականում՝ դրսևորելով միջազգային չափանիշներին համապատասխան ունակություններ և հմտություններ: Ֆակուլտետի տարբեր տարիների շրջանավարտներ աշխատում են ՀՀ և արտերկրի գիտակրթական հաստատություններում, դեսպանատներում, տեղական ու միջազգային կազմակերպություններում, պետական և կառավարման բարձրագույն օղակներում, մասնավոր ձեռնարկություններում և այլուր։