ԵՊՀ գերմանական բանասիրության ամբիոնը Գյոթե ինստիտուտի հետ համագործակցության շրջանակում իրականացրել է «Գերմաներենի դասավանդման ժամանակակից մեթոդներն ու մոտեցումները» պիլոտային նախագիծ։ Փոխգործակցության շրջանակում ԵՊՀ այցելեց Գյոթե ինստիտուտի տարածաշրջանային պատասխանատու Սյուզաննա Ռադվանի գլխավորած պատվիրակությունը և քննարկեց ծրագրի արդյունքներն ու գրանցած հաջողությունները։
ԵՊՀ գերմանական բանասիրության ամբիոնի վարիչ, դոցենտ Գայանե Սավոյանը նշեց, որ «Գերմաներենի դասավանդման ժամանակակից մեթոդներն ու մոտեցումները» նախագիծը նպատակ ուներ գերմաներենի նկատմամբ հետաքրքրությունն ավելացնելու ինչպես Եվրոպական լեզուների և հաղորդակցության, այնպես էլ այլ ֆակուլտետների ուսանողների շրջանում: Նա շեշտեց նաև, որ նախագիծը միտված էր գերմաներենի դասավանդման նորարար մեթոդներ ու հմտություններ փոխանցելուն։ Ուսանողներին ծանոթացնելով նոր մեթոդներին, նախագիծը կամուրջ է ստեղծում ապագա շրջանավարտի և դպրոցի միջև, մոտիվացնում նրան և ուղղորդում դպրոց:
«Ներկայում կարևորագույն խնդիրներից է երիտասարդ սերնդին դպրոց ուղղորդելն ու ցույց տալը, որ ուսուցչի մասնագիտությունը կարևոր է երկրի զարգացման համար։ Մեր օրերում մանկավարժների թիվը զգալիորեն նվազում է դպրոցներում, ինչը հետագայում բացասական կանդրադառնա բոլոր բնագավառների վրա, քանի որ մանկավարժի դերը մեծ է բարեկիրթ ու բարվոք երկիր կառուցելու և ունենալու համար»,- ընդգծեց ամբիոնի վարիչը՝ հավելելով, որ հենց այդ խնդիրը հաշվի առնելով է նաև, որ ամբիոնը սերտորեն համագործակցում է Գյոթեի ինստիտուտի հետ, որը, պատասխանատու լինելով գերմաներենի տարածման և զարգացման համար, կազմակերպում է բազմաթիվ միջոցառումներ, որոնք խթանում են ոչ միայն գերմաներենի տարածումը, այլև վերապատրաստում ուսուցիչներին:
Գյոթե ինստիտուտի տարածաշրջանային պատասխանատու Սյուզաննա Ռադվանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալեց նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, նրանց ներկայացրեց ԵՊՀ միջազգայնացման շրջանակում իրականացվող ծրագրերը՝ քննարկելով նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Սյուզաննա Ռադվանը, շնորհակալություն հայտնելով ռեկտորին՝ ԵՊՀ-ում այդ նախագիծն իրականացնելու համար, փաստեց, որ տարածաշրջանային երեք երկրներից առաջինը Հայաստանը (ԵՊՀ-ն), հանդես եկավ ծրագրի իրականացման նախաձեռնությամբ:
Նշենք, որ Գյոթե ինստիտուտի կենտրոնական և տարածաշրջանային կենտրոնները բարձր են գնահատել ծրագրի իրականացումը ԵՊՀ-ում, որը կյանքի է կոչել Գերմանական բանասիրության ամբիոնը ԵՊՀ դասախոս, Գյոթե ինստիտուտի վերապատրաստող Մերի Նավասարդյանի հետ նոյեմբերի 28-30-ը։ Ծրագրին մասնակցել են ոչ միայն ԵՊՀ, այլև այլ բուհերի ուսանողներ։