Ս․թ․ մարտի 6-ին Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում անցկացվեց «Ինքնության փոխակերպումների միտումները գլոբալ աշխարհում կամ անձի/ազգի վերակերտումը» թեմայով սեմինար-դասախոսություն, որին մասնակցեցին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, մագիստրոսներ, բակալավրի կրթական ծրագրի ուսանողներ, հյուրեր այլ ֆակուլտետներից։
Անգլիական բանասիրության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված սեմինար-դասախոսությունը վարեց Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․, Նաիրա Գասպարյանը։
Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ներկայացվեց թեման, որը վերաբերում էր համահարթեցման արդի դարաշրջանում տեղի ունեցող արհավիրքների արդյունքում առաջացած միտումներին, որոնք տանում են անձի և ազգային ինքնության փոխակերպումների՝ հանգեցնելով նոր ինքնությունների ձևավորման։ Փոխակերպումների տանող արհավիրքներից բանախոսն առանձնացրեց թագաժահրը, պատերազմները, երբ առկա են հսկայական մարդկային, նյութական կորուստներ, ընտանիքի կազմի փոփոխություններ, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցած աղետներից հետո ու աշխատանքի փնտրտուքի նպատակով բնակչության տեղաշարժերի հետևանքով առաջացող հետտրավմատիկ սթրեսային համախտանիշ տառապանքը, որը հաղթահարելու համար երկար ու կենսական հանգիստ, առանց ծայրահեղ հուզական վիճակի պայմաններ են հարկավոր։ Անցումները ցավոտ են և տեղի են ունենում փուլային մակարդակով։
Դասախոսության ընթացքում ներկայացվեցին և լուսաբանվեցին այդ փոխակերպումներին առնչվող լեզվական բառամիավորները, որոնք հատուկ են փուլերից յուրաքանչյուրին, ինչպես նաև այն նորաբանություններն ու կայացման շրջանում գտնվող բառապաշարը, որոնք բնութագրական են ինքնությանը վերաբերող երևույթներին։ Քննարկվեցին այնպիսի եզրույթներ և դրանց հարաբերակցություններ, ինչպիսիք են «Global», «European», «Transnational», «Posthuman Postmodern identities», «Community trauma», «Culture trauma», «Common/shared trauma», «Historic mourning», «a new self recovery strategy», «types and mechanisms of and approaches towards coping, resilience», «molting self-restoration», «self-reconstructing», «clinging to losses», «transition», «re-incorporation – a new identity» և այլն։ Հատուկ ուշադրություն դարձվեց այնպիսի հեղինակների ազգային ինքնությանն առնչվող ձևակերպումների, որոնք գլոբալ դարաշրջանում կրում են յուրահատուկ գլոբալ փիլիսոփայության հիմքը, եղան բառամիավորների և կոնցեպտների մեկնաբանություններ։
Անդրադարձ եղավ եվրոպական ինքնության յուրահատկություններին ազգային և գլոբալ ինքնության տիրույթում, քննարկվեցին Ֆրենսիս Ֆոկույամայի ազգային ինքնության առաջընթացի կանգին վերաբերող դրույթներ, որոնց արդյունքում հնարավոր է ոչ միայն ազգի զարգացման հետընթաց, այլև քաղաքացիական պատերազմ։ Լուսաբանման արժանացան ոչ միայն իբրև նորաբանություն ներկայացվող եզրույթներ ու կոնցեպտներ, այլև սպառիչ բացատրություն և մեկնաբանություն ստացան դրանց միջոցով ներկայացվող արտալեզվական հիմք երևույթները, առանց որոնց հնարավոր չէ հասկանալ գլոբալ զարգացման միտումներն ու նոր ինքնությունների առաջացման մեխանիզմները։ Հստակեցվեցին դեմոգրաֆիկ փոփոխություններին, բնակչության տեղաշարժերին առնչվող, արտալեզվական հիմքով պայմանավորված լեզվական միավորները։ Խոսվեց նաև գենդեր և սեռական կողմնորոշում, գենդերահետաքրքրվածություն (genderqueer), ինտերսեքս անգլերեն նորաստեղծ բառապաշարից, երբ առկա անձնական դերանուններն այլևս չեն բավարարում երևույթների բնութագրման համար, և ստեղծվում են նոր դերանուններ, որոնց կիրառմամբ կարելի է խուսափել սեռի հիշատակումից, քանզի դրանք սեռատարբերակիչ չեն։ Նյութի քննարկումն ու առաջադրված հարցերի լուսաբանումը մասնակիցներին օգնեցին հասկանալ լեզվական այն առանցքային նոր խնդիրները, որոնց ուսումնասիրությունն անհնար է առանց արտալեզվական հիմքի հստակ ընկալման։
Նշենք, որ հատուկ ուշադրություն դարձվեց Էնթընի Սմիթի կողմից առաջ քաշված էթնիկ և ազգային մեկնաբանության խնդիրներին, լուսաբանվեց այն դրույթը, որ համահարթեցման և նոր հումանիզմի պարագայում արդիական են․ օրինակ, երբ արտաքին մշակութային խթաններն ու շփումները թարմացնում են էթնիկական ինքնության զգացումն ընտրովի մշակութային յուրացման միջոցով։ Հարցեր, որոնց անդրադառնում է Սմիթն իր աշխատություններում։ Նշվեց նաև, որ ցանկության դեպքում Սմիթի կարևորագույն աշխատություններին կարելի է ծանոթանալ ոչ միայն համացանցում, այլև ԵՊՀ ֆոնդերում և ընթերցասրահներում։ Նոր հումանիզմի առնչությամբ ներկայացվեց Եվրամիության դերը, երբ նոր հումանիզմի գաղափարի ներդրմամբ, ըստ ԵՄ փաստաթղթերի դրույթների, պետք է ապահովվեն ժողովրդավարության պրակտիկ դրսևորումներ և կայուն խաղաղություն՝ վերազգային զարգացումների հարցում։ Ուսանողների շրջանում հետաքրքրություն առաջացրեց հետմարդկային (posthuman)՝ տեխնոլոգիաներից կախված կամ դրանց սերտաճած ինքնության քննության հարցը, երբ սովորական պայմաններում ընդամենը 20 րոպեով սոցիալական ցանցերի անջատումը հասուն, գիտակից մարդկանց շրջանում առաջացնում է խուճապ։
Մեծ զարմանք և հետաքրքրություն առաջացավ, երբ բանախոսն անդրադարձավ Կառլո Լիվայսի հայրականության/paternalistic rule կանոնի մեկնաբանությանը։ Ունկնդրին ծանոթ էր paternity test բառակապակցությունը, սակայն ոչ ոք չէր պատկեացնում նման՝ հայրականության կանոնի գոյություն, երբ կարելի է միջամտել ազգի կամ պետության ազատությանը նրան օգնելու նպատակով՝ առաջնորդվելով «ձեր լավ լինելու համար» մոտեցմամբ։ Հիշատակվեցին դեպքեր, երբ ազգաբնակչությունը, օրինակ, հարց է առաջ քաշում, թե որն է օտար պետության՝ մեզ օգնելու նպատակը։ Դասախոսության ընթացքում հետաքրքրություն դրսևորվեց ոչ միայն թագաժահրի, պատերազմների, տարբեր աղետների հետևանքներով բնակչության տեղաշարժերից առաջացած իրողությունների և այդ հիմքի վրա ստեղծված նորաբանությունների կամ եղած բառամիավորների նոր իմաստային ձեռքբերումների վերաբերյալ, այլև այն բառային միավորների բազմության, որոնցով բնութագրվում են նոր ինքնության ստեղծման՝ Ջեննեփի 1960 թ․ հին մոդելը և Ֆոլկմանի 1986 թ․ զարգացրած նոր մոդելը, որտեղ ավելացված հաղթահարում (coping), ճկունություն (resilience), հարմարվողական կերպարի տակ թաքնվել (molting) նոր կիրառում և բովանդակություն ձեռք բերած բառային միավոր-եզրույթները լիովին բացահայտում են մոդելի իմաստը։ Առանցքային միավորը, որին ուղղված էր եզրութաբանության քննարկումը, նոր ընկերային հարաբերությունների վերաստեղծում (re-incorporation)՝ նոր ինքնություն եզրույթն էր, որը նշված բազմաթիվ աղետաբեր երևույթների արդյունք նորի հիմքն է։
Այսպիսով՝ համահարթեցման դարաշրջանի փոփոխությունների համատեքստում աղետներն անխուսափելիորեն տանում են մի շրջանի ավարտի և մի այլ շրջանի սկզբի ազդարարման, որի մասին խոսել առանց բնութագրող եզրութաբանության՝ հնարավոր չէ, ինչպես նաև հնարավոր չէ անտեսել ինքնության փոխակերպումների միտումները համահարթեցման իրողությունների շրջանակում, որը նշված եզրութաբանության արտալեզվական հիմքն է։
Հեղինակ՝ Նաիրա Գասպարյան,
ԵՊՀ անգլիական բանասիրության
ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․