Հոկտեմբերի 7-10 ԵՊՀ-ում անցկացվեց Հայաստանում «Ֆրանսիական գրականության օրեր» խորագրով խորհրդանշական 10-րդ եռօրյա գիտաժողովը։ Այս տարվա գիտաժողովը նվիրված էր Ֆրանսիայի պատմության մեծագույն դեմքերից մեկին՝ բանաստեղծ, թատերագիր Ժան Կոկտոյին, նրա ստեղծագործական աշխարհի բացահայտմանը։
Գիտաժողովը նպատակ ուներ բարձրացնելու ֆրանսիական գրականության գիտական մակարդակը՝ ներկայացնելով 20-րդ դարի առեղծվածային գրողներից մեկին՝ Ժան Կոկտոյին։

«Ֆրանսիական գրականության օրեր» գիտաժողովի բացմանը ելույթով հանդես եկան ԵՊՀ ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ, դոցենտ Գայանե Սարգսյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի՝ համագործակցության և մշակութային հարցերի գծով խորհրդական Քսավիե Ռիշարը։
Դասախոսությամբ հանդես եկան Սորբոնի համալսարանի համեմատական գրականության պրոֆեսոր Բերնար Ֆրանկոն, նույն համալսարանի XX- XXI դարերի ֆրանսիական գրականության դասախոս Սերժ Լինարեսը։

Վերջինս ներկայացրեց Կոկտոյին՝ որպես նկարչի և կինոգործիչի՝ անդրադառնալով նրա մի քանի ստեղծագործությունններին՝ «Le Potomak» «La fin du Potomak»։
Դասախոսություններից և զեկուցումներից զատ՝ «Ֆրանսիական գրականության օրերի» շրջանակում ԵՊՀ եվրոպական լեզուների հաղորդակցության ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոնի և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ «Կոկտոն իմ աչքերով» խորագրով. ուսանողները ֆրանսերենով ներկայացրին իրենց պատկերացրած Ժան Կոկտոյին, ինչից հետո ծավալվեց ակտիվ քննարկում: