ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետում տեղի է ունեցել «Հայկական լեռնաշխարհը՝ խաղողագործության և գինեգործության նախնյաց երկիր. գինին՝ որպես միջմշակութային հաղորդակցության բաղադրիչ տարբեր գիտակարգերի հատույթում» խորագրով միջգիտակարգային միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր ԵՊՀ-ի, Լիլի համալսարանի (Ֆրանսիա), Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Մատենադարանի, Հայաստանի գինու պատմության թանգարանի համատեղ ջանքերով։
Եռօրյա գիտաժողովի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանում։ Գիտաժողովի 50-ից ավելի բանախոսները՝ տարբեր ոլորտների՝ գրականության, լեզվաբանության, մարքեթինգի, գիտահետազոտական և համալսարանական առաջնակարգ գիտնականներ, գինեգործության հեղինակավոր մասնագետներ, ժամանել էին ֆրանկոֆոն տարբեր երկրներից` Ֆրանսիա, Շվեյցարիա, Ռումինիա, Վրաստան, Հունաստան, Ռուսաստան, Մոլդովա։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2025-01/777.jpg?itok=TR-g0vq4)
Գիտաժողովի թեմատիկ ընտրությունը պայմանավորված էր Հայաստանում խաղողագործության և գինեգործության հազարամյակների ավանդույթի` մասնավորապես հայկական գինու մրցունակության աճի հետ։ Միջգիտակարգային գիտաժողովը ներառում էր հայկական գինու ինքնությանը, գինեգործական շրջաններին, սպառման միջազգային շուկաներին, տնտեսական ռազմավարություններին և էնոտուրիզմին առնչվող թեմաներ։
Գիտաժողովի առաջին օրը ելույթ ունեցան Ֆրանսիայից, Ռումինիայից, Վրաստանից եկած բանախոսները, ինչպես նաև ԵՊՀ ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Գայանե Սարգսյանը, ամբիոնի դասախոսները։
Գիտաժողովի երկրորդ օրն անցկացվեց Հայաստանի գինու պատմության թանգարանում։ Գիտաժողովի խորհրդի անդամները, խոսնակներն ու հյուրերը ոչ միայն շրջայց կատարեցին Հայաստանի գինու պատմության թանգարանում ու համահավաք կերպով ծանոթացան հայկական գինու պատմությանը, մշակույթին ու ավանդույթներին, այլև հենց թանգարանի սրահում ներկայացրին իրենց զեկուցումներն ու ելույթները՝ նվիրված հայկական գինեգործությանն ու խաղողագործությանը։ Զեկուցումներում մասնավորապես ընդգծվում էր գինու կարևորությունը՝ որպես միջմշակութային հաղորդակցության տարր գիտությունների խաչմերուկում։ Գիտաժողովի վերջին՝ երրորդ օրն անցկացվեց Մատենադարանում, ուր ելույթներով հանդես եկան Ֆրանսիայից, Մոլդովայից, Ռուսաստանից ժամանած տարբեր մասնագետներ:
Գիտաժողովի փակման արարողությունը կայացավ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ԵՊՀ ֆրանսիական բանասիրության ամբիոնի ուսանողների՝ Շառլ Ազնավուրին նվիրված «Qui dit amour, dit Aznavour» խորագրով գեղարվեստական միջոցառման շրջանակում։ Ուսանողները կատարեցին մեծ շանսոնյեի երգերից: